Ի՞նչ է պահանջում “Վճարում ենք 100 դրամ” շարժումը. շարժման մասնակից Ռուզաննա Գրիգորյան

Չեն հանդարտվում կրքերը Երևանի քաղաքային տրանսպորտի շուրջ: Ակտիվիստները շարունակում են բողոքի ակցիաները քաղաքապետարանի առջև, ընդ որում արդեն իսկ գրանցվել են նաև բախումներ ոստիկանների հետ, որոնք սկսվեցին այն բանից հետո, երբ ակտիվիստները փորձեցին վրան տեղադրել քաղաքապետարանի շենքի առջև:

Միևնույն ժամանակ հանրությունը շարունակում է քննարկել քաղաքային տրանսպորտի խնդիրները: Քաղաքային իշխանությունը փորձում է հիմնավորել իր դիրքորոշումն` ասելով, որ առանց գնի բարձրացման հնարավոր չէ ունենալ քաղաքակիրթ տրանսպորտ: Քաղաքապետարանի քննադատները հակադարձում են, որ մինչ այժմ տրանսպորտի խնդիրների պատճառը եղել է ոչ թե գինը, այլ կառավարման արատավոր համակարգը. քաղաքի կյանքի կարևորագույն ոլորտներից մեկը հանձնված է մի խումբ մասնավոր գործարարների (որոնցից ոմանք նաև պաշտոնյաներ են), որոնց հանդեպ գրեթե գոյություն չունի հանրային վերահսկողություն: Արդյունքում “գծատերերը”, որոնք պնդում են, որ “աշխատում են վնասով”, ունեն գերշահույթ ստանալու հնարավորություն, իսկ քաղաքային տրանսպորտի ոլորտում որևէ դրական զարգացում գրեթե չի նկատվում:

Արդյո՞ք  “վճարում ենք 100 դրամ” շարժումը կկարողանա ինչ-որ բան փոխել այդ ոլորտում: Շարժման նպատակների մասին զրոցեցինք շարժման ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանի հետ:

Advertisements

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը քաղաքացիական ակտիվիզմի, “հարյուրների հեղափոխության” և Մաշտոցի պուրակի շարժման մասին

Այն գործընթացը, որին սկիզբ դրվեց Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին որոշմամբ, շարունակվում է: Թեև ուղեվարձի թանկացման որոշումը կասեցվեց, ակնհայտ է, որ քաղաքապետարանը դեռևս վերջնականապես չի հրաժարվել իր մտադրությունից և թանկացման հարցը մնում է օրակարգում: Մյուս կողմից, քաղաքացիական ակտիվիստները չեն դադարեցնում պայքարը: Այժմ այդ պայքարն ավելի ընդգրկուն է. դրվում է Երևանի քաղաքային տրանսպորտի կառավարման համակարգի բարեփոխման հարց: Առաջ է քաշվում նաև առանձին պաշտոնյաների պաշտոնանկության պահանջ, քննադատվում է քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետի գործունեությունը: Փաստորեն, ակտիվիստներն այժմ դնում են քաղաքի կառավարման՝ ներկայումս առկա համակարգի արդյունավետության հարցը: Որոշ առումներով այս շարժումը կրկնում է ավելի վաղ ի հայտ եկած քաղաքացիական նախաձեռնություններն ու շարժումները (Մաշտոցի այգի, Մոսկվայի կինոթատրոնի ամառային դահլիճ, Թեղուտ և այլն), բայց առկա են նաև նոր տարրեր:

Այս քաղաքացիական շարժման առանձնահատկությունների և հեռանկարների մասին զրուցեցինք մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյան. երիտասարդությունը չի հաշտվում իրավիճակի հետ, իսկ ավագ սերունդը գնում է երիտասարդների հետևից

Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին Երևանում, բավականին անսովոր էր: Նախ, գների թանկացում՝ չնայած նրան, որ հնչել էին պաշտոնական հայտարարություններ, որ նման բան չի լինելու: Թեև ակնհայտ էր, որ այս որոշումը դրական արձագանք չի գտնելու հասարակության մեջ, թերևս քչերն էին սպասում, որ բողոքներն այդքան լայնատարած կարող են լինել: Թվում էր, թե Հայաստանում ձևավորվել է ակտիվիստների մի փոքր խումբ, որը մասնակցում է բոլոր բողոքի ակցիաներին՝ սկսած Փակ շուկայից մինչև Թեղուտ, իսկ հասարակության լայն շրջանակներ հիասթափված են և պատրաստ չեն մասնակցել քաղաքացիական որևէ շարժման: Պարզվեց, որ այդպես չէ. պայքարին միացան հարյուրավոր մարդիկ, այդ թվում երիտասարդներ, որոնցից շատերն առաջին անգամ էին մասնակցում որևէ քաղաքացիական շարժման: Էլ ավելի անսպասելի էր, որ բազմաթիվ “միջին խավի” ներկայացուցիչներ միացան շարժմանը և սկսեցին իրենց մեքենաներով անվճար տեղափոխել մարդկանց: Ընդ որում, նրանց թվում էին շոու-բիզնեսի և հեռուստատեսության ներկայացուցիչներ, որոնք նախկինում սովորաբար խուսափում էին քաղաքացիական կամ քաղաքական շարժումներին բացահայտ աջակցություն ցույց տալուց:

Վերջին օրերի իրադարձությունների մասին զրուցում ենք ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ: Նրա կարծիքով, այս ամենը ցույց է տալիս, որ մեր հասարակության մեջ ձևավորվում է որոշակի խումբ, որն իր արժեքային համակարգով հակադրվում է այն արժեքային համակարգին, որի կրողն է ներկայիս իշխանությունը և օլիգարխիկ վերնախավը:

Ընտրակեղծիքները և դիտորդները. փաստաբան Տիգրան Եգորյանը “Քաղաքացի դիտորդ” նախաձեռնության մասին

Մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններով ավարտվեց հերթական ընտրական շրջանը Հայաստանում: Բացասական երևույթներով հանդերձ, որոնց մասին շատ է խոսվում, այդ ընտրություններում արձանագրվեց նաև դրական միտում՝ բազմաթիվ կամավորների մասնակցությունը որպես անկախ դիտորդներ:

Նրանցից շատերը միավորվել էին “Քաղաքացի դիտորդ” նախաձեռնության շրջանակներում, ընդ որում նրանց թվում կային թե՛ ՀՀ քաղաքացիներ, թե՛ Հայաստանում բնակվող սփյուռքահայեր և օտարերկրացիներ: Հենց նրանց շնորհիվ էր, որ գրանցվեցին բազմաթիվ խախտումներ, իսկ որոշ խախտումների մասին պատմող տեսանյութերը հայտնվեցին համացանցում և հասանելի դարձան հասարակության համար: Եթե այս միտումն արմատավորվի, հաջորդ ընտրություններում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող դիտորդները կարող են դառնալ լուրջ գործոն:

Այս ամենի մասին զրուցում ենք փաստաբան, “Իրավունքի Եվրոպա միավորում” ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հետ:

Երևանի օդի, ջրի և մյուս բնապահպանական խնդիրների մասին. բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյան

Ցանկացած մեծ քաղաք ունի բնապահպանական խնդիրներ: Երևանը, բնականաբար, բացառություն չե: Ավելին, Երևանի դեպքում որոշ բնապահպանական խդնիրներ ավելի սուր են արտահայտված, քանի որ մեր քաղաքը գտնվում է կիսաանապատային գոտում: Բնապահպանական իրավիճակի բարելավմանը, մեղմ ասած, չի նպաստում այն հանգամանքը, որ Երևանում է ապրում Հայաստանի բնակչության մեկ երրորդից ավելին, և այստեղ են կենտրոնացված պետական մարմինները, բուհերը, բիզնեսը: Այս ամենին գումարվում են այն կասկածելի լուծումները, որոնք տարիների ընթացքում կիրառվել են իշխանությունների կողմից` Երևանի զարգացման շատ խնդիրների հետ կապված (տրանսպորտ, կանաչ տարածքներ, կառուցապատում և այլն):

Այս ամենի հետևանքով Երևանում առկա են լուրջ բնապահպանական խնդիրներ, և Երևանի ավագանու ընտրությունը ևս մեկ հնարավորություն է բարձրաձայնելու այս ամենի մասին: Վիդեո-բլոգի այս թողարկման մեջ մենք զրուցում ենք Երևանի բնապահպանական խնդիրների մասին` բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանի հետ:

Վահան Մովսիսյան. Երևանի ավագանու ընտրություններ, քաղաքական թե՞ վարչական գործըթաց:

Երևանի  ավագանու ընտրությունը քաղաքական, թե՞ զուտ վարչական կամ կենցաղային բնույթի գործընթաց է: Այսօր տեղի ունեցող բանավեճերում այդ հարցին տրվող պատասխանը սովորաբար կախված է քաղաքական դիրքորոշումից: Ընդդիմության կողմնակիցները դիտարկում են Երևանում կայանալիք ընտրությունները նախևառաջ քաղաքական հարթության մեջ. որոշ ուժերի համար դրանք նախագահական ընտրությունների շարունակությունն են, այլ, նախագահական ընտրություններին չմասնակցած, քաղաքական ուժերի համար`  այսպես ասած “զրոյից սկսելու” կամ քաղաքական դաշտում դիրքերը վերականգնելու հնարավորություն: Ակնհայտ է, որ ընդդիմադիրներն ընկալում են Երևանի ընտրությունները որպես որոշակի փուլ` ամբողջ երկրում իշխանափոխություն իրականացնելուն ուղղված պայքարի շրջանակներում: Իշխանամետ ուժերի շատ ներկայացուցիչներ, ընդակառակը, փորձում են անել ամեն ինչ, որ կայանալիք ընտրություններն ընկալվեն զուտ կենցաղային հարթության մեջ և համոզում են երևանցիներին, որ այս ընտրություններով ընդամենը լուծվում են, ենթադրենք, ասֆալտապատումը կամ աղբահանությունն ավելի լավ կազմակերպելու հարցերը:

Իսկ ի՞նչ են կարծում այս ամենի մասին տեղական ինքնակառավարման ոլորտի փորձագետները: Այդ մասին զրուցեցինք Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ նախագահ Վահամ Մովսիսյանի հետ:

Սևադա Պետրոսյան. Երևանի գլխավոր հատակագծի, զարգացման հայեցակարգի և քաղաքաշինական այլ խնդիրների մասին

Ավագանու ընտրությունների նախաշեմին դարձյալ սուր քննարկումների առարկա են դարձել Երևանի քաղաքաշինական խնդիրները: Մինչ իշխող քաղաքական ուժը խոստանում է “ավելի լավ Երևան”, ընդդիմադիր ուժերը քննադատում են վերջին տարիների ընթացքում իրականացվող քաղաքաշինական քաղաքականությունը: Քաղաքաշինության խնդիրներով մտահոգ մասնագետներն ու քաղաքացիական ակտիվիստներն էլ հետևում են այս բանավեճին և փորձում են օգտագործել ներկայիս նախընտրական իրավիճակը և հանրության ուշադրությունը հրավիրել Երևանի առջև կանգնած առավել սուր խնդիրներին:

Վերջին տարիներին մենք ականատես դարձանք  այս կամ այն կասկածելի քաղաքաշինական նախագծի հետ կապված բուռն քննարկումների, որոնք հաճախ վերածվում են քաղաքացիական շարժումների: Երբեմն ակտիվիստներին հաջողվում է կասեցնել այդպիսի նախագծերի իրականացումը, ինչպես Մոսկվա կինոթատրոնի և Մաշտոցի այգու դեպքում, որոշ դեպքերում էլ վիճելի քաղաքաշինական նախագծերն իրականացվում են, ինչն, ակտիվիստների կարծիքով, անդառնալի վնաս է հասցնում քաղաքին: Մեր վիդեո-բլոգի այս թողարկման մեջ զրուցում ենք Երևանի քաղաքաշինական խնդիրների մասին՝ այդ նախաձեռնություններից մի քանիսի ակտիվ մասնակից, ճարտարապետ Սևադա Պետրոսյանի հետ: