Ռուս-թուրքական հարաբերությունները և Հայաստանը. Տիգրան Զաքարյան

Լարվածությունը ռուս-թուրքական հարաբերություններում, որն առաջացել էր ռուսական ինքնաթիռի խոցման հետևանքով, պահպանվում է: Ռուս-թուրքական այս բախման համատեքստում Ռուսաստանում սկսեցին արծարծվել Հայաստանին առնչվող որոշակի խնդիրներ. մասնավորապես, հնչեցին առաջարկներ` քրեականացնել Հայոց ցեղասպանության մերժումը և Մոսկվայի պայմանագիրը չեղյալ հայտարարել: Ինչպե՞ս կարող է այս ամենն ազդել Հայաստանի վրա և ինչպե՞ս պետք է վարվենք մենք այս իրավիճակում: Այդ խնդիրների շուրջ զրուցել ենք պատմաբան Տիգրան Զաքարյանի հետ:

Advertisements

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը և Եվրոպան` նոր միտումներ. Լուսինե Խառատյան

Թերևս այսօր Հայաստանում ամենաքննարկվող թեման է Մեծ Եղեռնի հարյուրամյակը, և դրա հետ կապված` Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի ակտիվացումը: Այս առումով, մենք տեսնում ենք հետաքրքիր զարգացումներ Եվրոպայում: Սկզբից Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հանդես եկավ բավականին վճռական հայտարարությամբ. նա մասնավորապես ասաց, որ Հայոց ցեղասպանությունը քսաներորդ դարի երեք ծանրագույն հանցանքներից մեկն է, ընդ որում, ըստ Հռոմի պապի, մյուս երկուսն են Հոլոքոսթը և Ստալինյան բռնաճնշումները: Այս հայտարարությունն առաջացրեց թուրք պաշտոնյաների կոշտ արձագանքը: Հետաքրքիր էր նաև այս ամենի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արձագանքը, որը խուսափեց բանավեճի կողմերից մեկին պաշտպանելուց: Այնուհետև Եվրախորհրդարանը հանդես եկավ ցեղասպանության ճանաչումը պահանջող բանաձևով: Երևանում ապրիլի 24-ին սպասվում է Ֆրանսիայի նախագահի այցը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավանաբար չի մասնակցի Գալիպոլիի ճակատամարտի առթիվ` թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված տոնակատարությանը, ինչը, հաշվի առնելով Գերմանիայում թուրքական համայնքի ուժեղ դիրքերը, ևս բավականին խոսուն փաստ է: Աառավել ևս, սպասվում է, որ ցեղասպանության առթիվ հայտարարությամբ հանդես կգա Գերմանիայի նախագահը:

Այսպիսով մենք տեսնում ենք, որ առնվազն ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանն ունի բավականին լուրջ աջակցություն Եվրոպայում: Արդյո՞ք այդ աջակցությունը կապված է սոսկ սփյուռքի ջանքերի հետ և սահմանափակվում է ցեղասպանության ճանաչման հարցով:  Եվ արդյո՞ք այն աջակցության ալիքը, որը մենք այսօր տեսնում ենք` կապված ցեղասպանության հարյուրամյակի հետ, հնարավոր է օգտագործել Հայաստանի ապագայի հետ կապված այլ հարցեր լուծելու համար: Այս ամենի մասին զրուցել ենք ազգագրագետ, DVV International կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Լուսինե Խառատյանի հետ:

Ի՞նչ է տեղի ունեցել Եգիպտոսում, ինչու՞ Մուբարաքն այլևս բանտում չէ, և ինչու՞ են լարված Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերությունները. արաբագետ Հայկ Քոչարյան

Երբ 2011-ի հունվարին Եգիպտոսում տեղի ունեցավ հեղափոխություն, այն ամբողջ աշխարհի ուշադրության կետնրոնում էր: Բացառություն չէր նաև Հայաստանը. հայկական մամուլում և սոցիալական ցանցներում Եգիպտոսը ամենաքննարկվող թեմաներից էր, իսկ ընդդիմության կողմնակիցները Հայաստանի իշխանավորներին համեմատում էին Եգիպտոսի “գահընկեց” արված նախագահ Հոսնի Մուբարաքի հետ:

Այս օրերին ևս Եգիպտոսում տեղի են ունենում բուռն իրադարձություններ, որոնք ոմանց կարծիքով նշանավորեցին հակահեղափոխության հաղթանակ, ոմանց կարծիքով էլ` հեղափոխության մի նոր փուլ: Առաջին ժողովրդավարական ընտրությունների արդյունքում հաղթած նախագահի` Մուհամեդ Մորսիի և նրա “Մուսուլման եղբայրներ” կուսակցության դեմ լայն շարժում ծավալվեց, որը միավորում էր ամենատարբեր մարդկանց` երկու տարի առաջ Մուբարաքի դեմ պայքարը սկսած ազատական երիտասարդներից սկսած` մինչև Մուբարաքի նախկին կողմնակիցներ: Ինչպես և երկու տարի առաջ, իրադարձությունների ընթացքին խառնվեց եգիպտական բանակը, որն իշխանությունից հեռացրեց և ձերբակալեց գործող նախագահին: Սակայն, եթե 2011-ի հունվարին նախագահի հեռացումը թե՜ Եգիպտոսում, թե՜ աշխարհում ընկալվեց իբրև ժողովրդավարության հաղթանակ, այս անգամ իրավիճակն ավելի բարդ է. մի կողմից Մորսին և նրա “Մուսուլման Եղբայրներ” կուսակցությունը սկսել էին դրսևորել ավտորիտար վարչակարգին բնորոշ պահվածք, մյուս կողմից` Մորսին ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ էր, ավելին, Եգիպտոսի` ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին նախագահը: Հեղաշրջմանը հաջորդեցին Մորսիի կողմնակիցների զանգվածային բողոքները, որոնք ճնշվեցին ուժով, ընդ որում զոհերի քանակն արդեն իսկ գերազանցում է 2011-ի հունվարի հեղափոխության զոհերի քանակը: Եգիպտոսում տեղի ունեցող գործընթացները սկսեցին էլ ավելի ոչ միանշանակ ընկալվել, երբ բանտից ազատվեց նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, որն այժմ գտնվում է տնային կալանքի տակ:

Թերևս իրավիճակի այս բարդությունն էր պատճառը, որ Մուսուլման եղբայրների` իշխանությունից հեռացումը ոչ միանշանակ արձագանք առաջացրեց  աշխարհում, մասնավորապես Եվրոպայում և ԱՄՆ-ում: Սակայն, կա մի երկիր, որը միանշանակ դատապարտեց այն` Թուրքիան: Անցումնային կառավարության և Թուրքիայի միջև հարաբերությունները խիստ լարվեցին, և անգամ հայտնվեցին տեղեկություններ այն մասին, թե Եգիպտոսը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ լուրերը հետագայում հերքվեցին, սակայն դրանք հասցրեցին բավականին լայն արձագանք ստանալ հայկական սոցիալական ցանցերում և մամուլում:

Այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Եգիպտոսում, ինչու են ազատել Մուբարաքին և ինչու են լարված թուրք-եգիպտական հարաբերությունները զրուցեցինք արաբահետ Հայկ Քոչարյանի հետ: