Ռուս-թուրքական հարաբերությունները և Հայաստանը. Տիգրան Զաքարյան

Լարվածությունը ռուս-թուրքական հարաբերություններում, որն առաջացել էր ռուսական ինքնաթիռի խոցման հետևանքով, պահպանվում է: Ռուս-թուրքական այս բախման համատեքստում Ռուսաստանում սկսեցին արծարծվել Հայաստանին առնչվող որոշակի խնդիրներ. մասնավորապես, հնչեցին առաջարկներ` քրեականացնել Հայոց ցեղասպանության մերժումը և Մոսկվայի պայմանագիրը չեղյալ հայտարարել: Ինչպե՞ս կարող է այս ամենն ազդել Հայաստանի վրա և ինչպե՞ս պետք է վարվենք մենք այս իրավիճակում: Այդ խնդիրների շուրջ զրուցել ենք պատմաբան Տիգրան Զաքարյանի հետ:

Advertisements

Բաղրամյան պողոտան և Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրները. Աղասի Ենոքյան

“Ոչ թալանին” շարժման ակտիվիստները միշտ ժխտել են, որ իրենց շարժումն ունի քաղաքական բնույթ, առավել ևս որ այն դնում է որևէ խնդիրներ` կապված Հայաստանի արտաքին քաղաքականության հետ: Այնուամենայնիվ, միջազգային ԶԼՄ-երը` թե’ Արևմուտքում , թե’ Ռուսաստանում, թե’ մեր տարածաշրջանի այլ երկրներում հաճախ հենց այդ համատեքստում են դիտարկում Երևանում տեղի ունեցածը: Շատերն այս դեպքերը որակում էին որպես “մայդան”, ընդ որում ռուսական ԶԼՄ-երը “մայդան” ասելով ի նկատի ունեին արևմուտքի կողմից կազմակերպված և Ռուսաստանի դեմ ուղղված “հերթական դավադրություն”: Իհարկե, իրականությունը Երևանում շատ տարբեր էր այս պատկերացումներից, սակայն ակնհայտ է, որ Բաղրամյան պողոտայի շուրջ ծավալված իրադարձությունները սերտորեն կապված են Հայաստանի արտաքին քաղաքականության, մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների հետ: Այդ մասին զրուցում ենք քաղաքագետ, միջազգայնագետ Աղասի Ենոքյանի հետ:

Գազպրոմի կորպորատիվ շահը բարձր է դասվում ՀՀ սահմանադրությունից. տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը “գազային պայմանագրի” մասին

Թեև հայտարարվեց, որ “գազային” համաձայնագրերը վավերացվել են, կրքերը դրանց շուրջ շարունակում են բորբոքվել: Ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները շարունակում են պնդել, որ “գազային պայմանագիրը” նշանակում է Հայաստանի ինքնիշխանության կորուստ և պետք է ամեն գնով կասեցնել դրա իրականացումը: Իշխանությունը, բնականաբար, համաձայն չէ, և գտնում է, որ համաձայնության պայմանները թեև իդեալական չեն, բայց առկա իրավիճակում լավագույնն են, քանի որ Հայաստանն այլընտրանք չունի ռուսական գազին:

Ի՞նչպիսին է լինելու “գազային պայմանագրի” ճակատագիրը: Արդյո՞ք այն, ի վերջո, ուժի մեջ կմտնի: Ի՞նչ կնշանակի այդ համաձայնագրի կիրառումը Հայաստանի համար: Արդյո՞ք պայմանագրի շուրջ առկա մտավախություններն արդարացված են: Այս հարցերի շուրջ զրուցել ենք Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ:

Հայաստանին պետք չէ նոր Գյուլիստանի պայմանագիր, ո՜չ Ռուսաստանի, ո՜չ էլ Եվրոպայի հետ. քաղաքագետ Երվանդ Բոզոյան

Այս տարվա քաղաքական աշունը գրեթե համընկավ օրացույցային աշնան հետ. այն սկսվեց սեպտեմբերի երեքի հայտարարությամբ և ավարտվեց դեկտեմբերի երկուսի Վլադիմիր Պուտինի այցով: Նոյեմբերի վերջին էլ կայացավ Վիլնյուսի գագաթաժողովը և ակնհայտ դարձավ, որ Հայաստանի դեպքում “և՜,և՜ ” սկզբունքի իրականացման վերջին հույսերը հօդս ցնդեցին: Արդյո՞ք այս զարգացումներն անխուսափելի էին: Արդյո՞ք հնարավոր էր այլ ճանապարհ: Որքանո՞վ ճիշտ էր Հայաստանի վարած քաղաքականությունն այդ ժամանակահատվածում: Եվ ի՞նչ իրավիճակում է հայտնվել Հայաստանն այսօր, ի՞նչ նոր հնարավորություններ և վտանգներ են առաջ գալիս այս նոր իրավիճակում:

Հայաստան-ԵՄ և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա իրավիճակի մասին իր տեսակետները ներկայացնում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Կյանքը Վիլնյուսից հետո. քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյան

Վերջապես տեղի ունեցավ Վիլնյուսի գագաթաժողովը, որն այդքան շատ քննարկումների թեմա էր դարձել անցած ամիսների ընթացքում : Տրվեցին շատ հարցերի պատասխաններ, բայց նաև առաջացան նոր հարցեր: Ակնհայտ է, որ Արևելյան Գործընկերության հետ կապված ԵՄ ծրագրերը հանդիպեցին որոշակի դիմադրության և, ասենք այսպես, ամբողջապես չիրականացան, գոնե այս փուլում: Ո՞րոնք էին էր դրա պատճառները: Արդյո՞ք հնարավոր էր այլ ելք: Ի՞նչ ուղղությամբ են զարգանալու գործընթացները Վիլնյուսից հետո:

Հայաստանում ևս չեն դադարում վեճերը այս գործընթացների մեջ Հայաստանի տեղի շուրջ: Արդյո՞ք ճիշտ էր Հայաստանի իշխանությունների որոշումը: Արդյո՞ք կար այս որոշման այլընտրանքը: Ի՞նչ կարող են անել այս իրավիճակում Հայաստանի քաղաքացիական հասարակությունը և ընդհանրապես ակտիվ քաղաքացիները: Այս հարցերի շուրջ առկա են ամենատարբեր մոտեցումները: Մեր վիդեո-բլոգում իր տեսակետն է ներկայացնում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Մաքսային միությունը և հայ-ռուսական հարաբերությունները, հայացք Ռուսաստանից. քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնով

Մաքսային միության հնարավոր անդամակցության մասին քննարկումները Հայաստանում շարունակվում են և այս քննարկումներում առանցքային են Ռուսաստանի դերին վերաբերող հարցերը: Ակնհայտ է, որ Հայաստանի անդամակցության խնդիրը կապված է Ռուսաստանի արտաքին քաղաքական օրակարգի հետ, և Մաքսային Միության մյուս անդամները` Բելառուսը և Ղազախստանն այս հարցում ընդամենը արձագանքում էին Ռուսաստանից եկող նախաձեռնությանը: Արդյո՞ք Ռուսատանն իրապես շահագրգռված է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությամբ, թե պարզապես Հայաստանին` Արևմուտքից հեռու պահելու խնդիր է դրված: Ի՞նչ չափով է Ռուսաստանի համար ընդունելի լինելու շարունակվող համագործակցությունը Հայաստանի և Արևմուտքի, մասնավորապես Եվրամիության հետ: Վերջապես, ի՞նչպես է հնարավոր իրականություն դարձնել Ռուսաստանի գլխավորությամբ նախաձեռնվող ինտեգրացիոն նախագիծը, եթե Ռուսաստանի ներսում օր օրի ուժեղանում է այլատյացությունը նախկին խորհրդային երկրների բնակիչների հանդեպ (դրա վառ վկայությունն էին վերջրես Մոսկվայի արվարձան Բիրյուլյովոյում տեղի ունեցած դեպքերը):

Այս հարցերի շուրջ զրուցել ենք ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի հետ:

Մոլդովան ընտրում է Եվրամիությունը` չնայած ճնշումներին. մոլդավացի լրագրող Պետրու Մակովեյ

Մինչև սեպտեմների 3-ը Արևելյան Գործընկերության երկրներից եվրաինտեգրման առաջատար էին համարվում Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան: Այժմ Մոլդովան շարունակում է ընթացքը դեպի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրի նախաստորագրում: ԵՄ կարծես լուրջ խնդիրներ չի տեսնում այդ առումով, ի տարբերություն օրինակ ՈՒկրաինայի: Փոխարենը Մոլդովայի շարժումը դեպի ԵՄ  այնքան էլ դուր չի գալիս Ռուսաստանին: Մոլդովայի ներսում ևս չկա միանշանակ կարծիք, թեև մեծամասնությունը, կարծես, աջակցում է իշխանությունների եվրոպական կողմնորոշմանը: Վերջերս Քիշնևում տեղի ունեցավ հուժկու ցույց` ի պաշտպանություն եվրաինտեգրման: Ընդդիմադիր կոմունիստները պատրաստվում են այսօր  պատասխան ցույց անցկացնել` եվրաինտեգրման դեմ: Եվրաինտեգրման հարցում Մոլդովայի դիրքորոշման մասին զրուցեցինք մոլդավացի լրագրող, Մոլդովայի անկախ մամուլի ասոցիացիայի գործադիր տնօրեն Պետրու Մակովեյի հետ:

Մակովեյի խոսքերով Հայաստանի իշխանությունների որոշումը` անդամակցել Մաքսային միությանը որոշակի հիասթափություն առաջացրեց Մոլդովայում` եթե ոչ պաշտոնական մակարդակով (Հայաստան-Մոլդովա հարաբերությունները բնականաբար չեն տուժի և համագործակցությունը կշարունակվի, ասում է փորձագետը), ապա առնվազն լրագրողների և քաղաքացիական հասարակության շրջանում: Մոլդովայում, ինչպես ասում է Մակովեյը, կա վճռականություն` շարունակելու գործընթացը: Այնտեղ, ըստ Մակովեյի, չեն դիտարկում Ասոցացման համաձայնագիրը որպես հակառուսական քայլ, սակայն պատրաստ են դիմակակել հնարավոր ճնշումներին: Ավելին, Մակովեյի կարծիքով, նախկինում Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցները հակառակ արդյունքն են տվել, քանի որ այժմ աճել է Մոլդովայի արտահանումը դեպի այլ շուկաներ, և տնտեսության կախվածությունը ռուսական շուկայից զգալիորեն թուլացել է: