Լրագրողների, Սիրիայի և տեղեկատվական պատերազմի մասին. BBC լրագրող Մարկ Գրիգորյան

Մենք սովոր ենք տեղեկատվական պատերազմների մասին խոսակցություններին՝ ղարաբաղյան հակամարտության կամ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Սակայն, արդյո՞ք այդ երևույթը բնորոշ է միայն այն երկրներին, որոնք ունեն սառեցված հակամարտություններ: Այսօր, մինչ Սիրիայում մոլեգնում է քաղաքացիական պատերազմը, աշխարհի տարբեր երկրների լրատվամիջոցները հաճախ իրարամերժ տեղեկություններ են փոխանցում այդ երկրից: Արդյոք այս իրավիճակը կարելի բնորոշել որպես տեղեկատվական պատերազմ, դժվարանում ենք ասել: Սակայն, փաստ է, որ արևմտյան և ռուսական ԶԼՄ-երը Սիրիայում տիրող իրավիճակը ներկայացնում են միանգամայն տարբեր տեսանկյուններից: Մեր լրագրողներն էլ հաճախ վերարտադրում են այդ տեղեկատվությունը, և, առանց այն ստուգելու կամ քննադատաբար վերլուծելու, մատուցում են հանրությանը:

Սիրիայի իրադարձությունների լուսաբանման առանձնահատկությունների շուրջ զրուցում ենք BBC ռուսական ծառայության լրագրող Մարկ Գրիգորյանի հետ:

Advertisements

Ոչ միայն ֆեյսբուքիվ. ընտրությունների, սոցիալական մեդիայի, ֆեյքերի և Չակ Նորիսի մասին

Գալիք նախագահական ընտրությունն առաջինն է, որ տեղի է ունենում հասարակության «համատարած ֆեյսբուքացման» պայմաններում: Ընտրական գործընթացում սոցիալական մեդիայի դերի մասին մենք զրուցեցինք այդ ոլորտի փորձագետների՝  media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանի և լրագրող Լուսինե Գրիգորյանի հետ:

Իհարկե, սոցիալական մեդիան ընտրությունների գործընթացն ավելի բաց ու վերահսկելի դարձնելու շատ հնարավորություններ է ստեղծում: Բայց, ինչպես ասում է Գեղամ Վարդանյանը, «ոչ միայն ֆեյսբուքիվ». անցյալ տարվա ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ ֆեսյբուքում ակտիվ լինելը բավական չե ընտրություններում հաջողության հասնելու համար:

Ավելին, սոցիալական ցանցերը նաև ստեղծում են մանիպուլյացիաների և «կեղտոտ» տեխնոլոգիաների օգտագործման  նոր հնարավորություններ: Հիշենք, օրինակ, նախորդ ընտրությունների ժամանակ ակտիվացած «ֆեյքերին», որոնք եկող ընտրությունների ժամանակ կարող են վերածնունդ ապրել: Ճիշտ է, Լուսինե Գրիգորյանը չի կարծում, որ ֆեյքերը կարող են խափել հասարակությանը, իսկ Գեղամ Վարդանյանի կարծիքով, ֆեյքաբուծության միակ իրական արդյունքն, ի վերջո, այն է, որ դրա միջոցով կուսակցական երիտասարդությունը լուծում է կուսակցության ներսում “առաջ գնալու” խնդիրը:

Ցանկացած դեպքում, Լուսինե Գրիգորյանի կարծիքով, քանի որ եկող ընտրություններում թեժ պայքար չի սպասվում, չի սպասվում նաև թեժ պայքար սոցիալական ցանցներում: Եթե ինչ-որ մեկը կարող է ակտիվացնել սոցիալական ցանցերը այս պայմաններում, ապա դա քաղաքացիական հասարակությունն է: Գեղամ Վարդանյանը ևս սպասում է, որ ֆեյսբուքն ի վերջո իր խոսքը կասի. անգամ եթե դա լինի աջակցություն Չակ Նորիսին կամ “բոլորին դեմ” թեկնածուին, ֆեյսբուքի օգտատերերը իրենց խոսքը լսելի դարձնելու հնարավորություն ունեն և ցանկալի է, որ նրանք այդ հնարավորությունն օգտագործեն: