Տեր-Պետրոսյանի առաջարկի էությունն այն է, որ երեք նախագահները դուրս գան ասպարեզից. քաղաքագետ Մանվել Սարգսյանը ներքին քաղաքական իրավիճակի մասին

Սեպտեմբերի 3-ին արված` Հայաստանի Մաքսային միությանը միանալու ցանկության մասին հայտարարությունից հետո թվում էր, թե քաղաքական անդորրը Հայաստանում պետք է խախտվի` իր տեղը զիջելով բուռն քննարկումների Հայաստանի կողմից կատարված ընտրության վերաբերյալ: Իհարկե, որոշակի բանավեճ տեղի ունեցավ, որոշ կուսակցություններ քննադատեցին նախագահի արտաքին քաղաքական կուրսը, սակայն ընդհանուր առմամբ ստեղծվել էր այն տպավորությունը, որ քաղաքական ուժերի խոստացած “թեժ աշունը” այդպես էլ չի գալու:

Եվ ահա, այժմ կարծես իրավիճակը սկսել է փոխվել: Այս անգամ ներքին քաղաքական խմորումներն ակտիվացան Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մինսկյան նիստից հետո, որն աչքի ընկավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հակասական հայտարարությամբ և ռուսական OPT հեռուստաալիքի տարօրինակ նյութով: Նախ Սերժ Սարգսյանի հրաժարականի կոչով հանդես եկավ Արցախի խորհրդարանի պատգամավոր Վահան Բադասյանը, ինչը բավականին ուշագրավ է, քանի որ Արցախում սովորաբար խուսափում են ՀՀ իշխանությունների բացահայտ քննադատությունից: Ապա, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հոդվածով, որով ևս պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ընդ որում, Տեր-Պետրոսյանը նաև նշում էր, որ հրաժարականի դեպքում ինքը չի առաջադրվելու իբրև նախագահի թեկնածու, և, բացի այդ, առաջարկում էր, որ խորհրդարանը Սերժ Սարգսյանին տրամադրվի անձնական անվտանգության և գույքի անձեռնխելիության երաշխիքներ:

Ինչպե՞ս պետք է մեկնաբանել այս ամենը: Որքա՞նով են այս ներքին քաղաքական զարգացումները պայմանավորված արտաքին խնդիրներով և կարող են արդյո՞ք դրանք ազդել մեր երկրի առջև կանգնած արտաքին քաղաքական մարտահրավերների վրա: Այս ամենի մասին զրուցում ենք քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանի հետ:

Advertisements

Ընտրություններ առանց այլընտրանքի. նախընտրական զարգացումների շուրջ

Այսօր ԶԼՄ-երը և սոցիալական ցանցերը քննարկում են մի լուր, որը միաժամանակ սպասելի էր և անակնկալ. Լևոն Տեր-Պետրոսյանը այս ընտրություններում չի առաջադրվելու: Ճիշտ է, քննարկումները ՀԱԿ-ի մասնակցության ձևաչափի շուրջ դեռևս շարունակվում են, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ առաջիկա ընտրություններում իշխանությունը չի ունենա այնպիսի մրցակից, որը կկարողանար համախմբել հասարակության ուժերը: Ընդդիմադիր դաշտը համախմբելու հավակնություն ունեն Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն նրանք շատ ժամանակ չունեն իրավիճակը փոխելու համար: Կարծես թե իրականություն է դառնում armenia.now կայքի այն կանխատեսումը, որ Հայաստանում սպասվում են երկրի պատմության մեջ ամենատարօրինակ ընտրությունները:

Ինչպես մեզ հետ զրույցում նշում է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այն քաղաքական ուժերը, որոնք կառուցվում են մեկ անհատի շուրջ, ի վերջո, քայքայման վտանգի առջև են հայտնվում: Ընդհակառակը, այն շարժումները, որոնք չունեն հստակ արտահայտված առաջնորդ և կառուցվում են ցանցային սկզբունքով, հաճախ հասնում են իրենց ուզած արդյունքին: Գուցե դա նշանակում է, որ այսօր մեր հասարակությունը պետք է դադարի հույս դնել քաղաքական առաջնորդների վրա, և ինքը ձեռնամուխ լինի իր առջև կանգնած խնդիրների լուծմանը: Մեր վիդեո-բլոգի նախորդ թողարկման մեջ Բորիս Նավասարդյանը առաջարկել էր, որ քաղաքացիական հասարակությունը ունենա իր ներկայացուցիչներին նախընտրական պայքարում, որոնք թեկնածուի կարգավիճակը կօգտագործեն երկրի առջև կանգնած խնդիրները բարձրաձայնելու և համապատասխան օրակարգ ձևավորելու համար: Ինչ-որ չափով այդ միտքը կիսում է նաև Արմեն Գրիգորյանը, թեև նա կարծում է, որ ժամանակը քիչ է, և այսօր պետք է կառուցել ավելի հեռահար ծրագրեր:

Ցանկացած դեպքում, երբ առաջնորդները հեռանում են, դա կարող է նշանակել, որ կամ գալիս են նոր առաջնորդներ, կամ էլ առաջնորդների ժամանակներն ընդհանրապես անցել են: Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, “արաբական գարունից” մինչև “գրավիր Ուոլ Սթրիթը”, այսօրվա աշխարհում փոփոխություններ կատարում են ոչ թե առաջնորդները, այլ քաղաքացիները և նրանց ստեղծած ցանցերը: