Ի՞նչ է նշանակում Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայումը. Ստեփան Գրիգորյան

Օրերս Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է պարզաբանումներ Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման վերաբերյալ: ԵՀՔ-ը, որպես ԵՄ քաղաքականության գործիք, գոյություն ունի ավելի քան տաս տարի: Այս ընթացքում՝ ծրագրում ընդգրկված երկրներում տեղի են ունեցել կարևոր, որոշ դեպքերում բավականին դրամատիկ գործընթացներ, և հարկ էր ԵՀՔ-ը  համապատասխանեցնել փոփոխվող իրավիճակին: Ճիշտ է, ծրագրի հիմնական նպատակները և նախապատվությունները մնացել են նույնը, սակայն մտցվել են որոշակի փոփոխություններ` մասնավորապես անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, միգրացիայի ոլորտներում:  ԵՀՔ վերանայված տարբերակի մասին զրուցել ենք Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ:

ԱլԳ ՔՖՀ հայտարարությունը ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ. Հերիքնազ Հարությունյան

Անցյալ շաբաթ Կիևում կայացած Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան համաժողովում քննարկման առարկա է դարձել Հայաստանում սահմանադրական բարեփոխման գործընթացը: ՔՖՀ-ն ընդունել է հայտարարություն, որով արտահայտում է իր մտահոգությունն առ այն, որ ինչպես բարեփոխման գործընթացը, այնպես էլ առաջարկվող նախագիծը չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին (ամբողջական տեքստը տե’ս ստորև): ՔՀՖ-ում տեղի ունեցած քննարկումների և հայտարարության մասին զրուցել ենք ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանի հետ:

ԱլԳ ՔՀՖ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության փոփոխությունների գործընթացի վերաբերյալ
.
Մենք՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի՝ Կիեւում ընթացող 7-րդ տարեկան համաժողովի մասնակիցներս, կիսելով ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի մեր գործընկերների մտահոգությունը, հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող Սահմանադրության փոփոխությունների գործընթացը բազմաթիվ բաղադրիչներով չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին:
Մեզ մտահոգում է, որ Սահմանադրության նախագծի մշակման եւ դրա վերաբերյալ հանրաքվեի անցկացման քարոզչության գործընթացը՝ ներառյալ իրազեկման համար հավասար հնարավորությունների ապահովման եւ ընտրացուցակների կազմման աշխատանքները, իրականացվում են ակնհայտ խախտումներով եւ արդեն իսկ անվստահություն են ձեւավորում Սահմանդրության հանրաքվեի վերջնական արդյունքների նկատմամբ:
Հիշեցնում ենք, որ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը մինչ այդ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը եւ դրա վերաբերյալ հանրաքվեի անցկացումը ժամանակավրեպ են եւ բխում են ոչ թե հասարակության եւ պետության շահերից, այլ բացառապես՝ առկա քաղաքական կոնյունկտուրայից:
Մենք անընդունելի ենք համարում իշխող կուսակցության կողմից հանրային ռեսուրսները միակողմանի քարոզչության եւ իշխանության վերարտադրման շահերին ծառայեցնելու պրակտիկան:
Մենք ահազանգում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծում պատշաճ կերպով սահմանված չեն մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին, տեղական ինքնակառավարմանը, շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնմանը, բնական պաշարների ողջամիտ օգտագործմանը եւ այլ ոլորտային խնդիրներին վերաբերող բազմաթիվ դրույթներ:
Ահազանգում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների առկա գործընթացը չի նպաստում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ որոշումների կայացման մասնակցության իրավունքի իրացմանը եւ դա պետք է արժանանա բոլոր այն միջազգային կառույցների ուշադրությանը, որոնք ունեն մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության տարածման առաքելություն:
ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորում
20 նոյեմբերի, 2015թ.
Կիեւ

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ասամբլեա` ի՞`նչ սպասելիքներ ունենք. Հայկուհի Հարությունյան

Մի քանի օր անց Կիևում իր աշխատանքը կսկսի ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի յոթերորդ ամենամյա ասամբլեան, որին կմասնակցեն Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ: Այսօր, երբ  պետական մակարդակով Հայաստան-ԵՄ համագործակցության հնարավորությունները որոշ չափով սահմանափակված են` պայմանավորված աշխարհաքաղաքական իրողություններով, առավել կարևոր է դառնում քաղաքացիական հասարակության դերը ԱլԳ ձևաչափով համագործակցությունը շարունակելու գործում: Այն մասին, թե ինչ սպասելիքներ ունեն Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկյացուցիչները Քաղաքացիական հասարակության ֆորումի ասամբլեայից, զրուցում ենք <<Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների>> ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ:

Ռիգայից հետո` իրական հնարավորություններ, թե՞ իմիտացիոն գործընթաց. Զարուհի Հովհաննիսյան

Ռիգայի գագաթնաժողովի ավարտից հետո Հայաստան-ԵՄ հարաբերություններում կարծես թե սկսվել է նոր փուլ: Այն հնարավորությունները, որոնք 2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո փակ էին թվում, այսօր կարծես նորից սկսում են քննարկվել: Ճիշտ է, ակնհայտ է, որ քանի որ ՀՀ-ը արդեն Եվրասիական Տնտեսական Միության անդամ է, զուտ տեխնիկապես անհնար է խոսել հարաբերությունների այն ծավալի մասին, որը նախատեսվում էր Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալով: Սակայն, ակնհայտ է, որ, այնուամենայնիվ, կան որոշակի հեռանկարներ ԵՄ-Հայաստան համագործակցության համար, և ԵՄ-ը պատրաստ է “երկրորդ շանս” տալ Հայաստանին: Մյուս կողմից ՈՒկրաինայի ճգնաժամի և լարված ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների պայմաններում այնքան էլ պարզ չէ, ինչպես հնչում են կոչեր` վերաիմաստավորել ԱլԳ, և բնականաբար, պետք է վերաիմաստավորվի նաև Հայաստանի դերը այդ ծրագրում: Այն մասին, թե ինչ հնարավորություններ և վտանգներ է պարունակում այս իրավիճակը Հայաստանի համար, զրուցել ենք հրապարակախոս ԶարուհիՀովհաննիսյանի հետ:

Ինչով է զբաղվում քաղաքացիական հասարակության ֆորումը և ինչու է դա կարևոր. Նատալիա Յարաշևիչը՝ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի մասին

Սովորաբար միջպետական համագործակցության ծրագրերում նախատեսվում է համագործակցություն կառավարությունների, որոշ դեպքերում նաև խորհրդարանների միջև, սակայն քաղաքացիական հասարակությունը հաճախ դուրս է մնում նման ձևաչափերից: Այս առումով ԵՄ Արևելյան Գործընկերության ծրագիրը, որի մասնակից է նաև Հայաստանը, բացառիկ է, քանի որ այս ծրագրի շրջանակներում լուրջ դեր է հատկացված քաղաքացիական հասարակությանը: Սա հատկապես կարևոր է Հայաստանի համար, որի իշխանությունները սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո հայտնվել են բավականին երկիմաստ վիճակում, քանի որ, մնալով ԱլԳ շրջանակներում,  Հայաստանը միաժամանակ ձգտում է դառնալ Մաքսային միության անդամ:  Այս պայմաններում, ինչպես ցույց է տալիս Բելառուսի փորձը, հատկապես մեծ կարևորություն է ստանում երկրի քաղաքացիական հասարակության դերը: Այս առումով շատ կարևոր է կարողանալ ճիշտ օգտագործել այն գործիքները, որոնք առկա են ԱլԳ շրջանակներում, և հատկապես այն ձևաչափը, որի շրջանակներում տեղի է ունենում ԱլԳ երկրների քաղաքացիական հասարակությունների համագործակցությունը՝ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումը:

ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի գործունեության մասին զրոցում ենք Նատալիա Յարաշեվիչի՝ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի քարտուղարության տնօրենի հետ:

ՈՒկրաինան ի վերջո կստորագրի ասոցացման համաձայնագիրը. լիտվացի քաղաքագետ Մ. Լաուրինավիչիուսը ՈՒկրաինիայի, Հայաստանի և Արևելյան Գործընկերության մասին

Վիլնյուսի գագաթաժողովից հետո Արևելյան Գործընկերության շրջանակներում ստեղծվել է նոր իրավիճակ: Եթե նախկինում գործընկերության երկրները, բացառությամբ Ադրբեջանի և Բելառուսի, շատ թե քիչ համընթաց էին քայլում եվրաինտեգրման ճանապաևհին, այժմ կարծես ձևավորվել է հստակ առաջատարների խումբ` ի դեմս Վրաստանի և Մոլդովայի: Առայժմ անորոշ է ՈՒկրաինայի դիրքորոշումը, այն հավանաբար կհստակեցվի, երբ կավարտվի ներկայիս քաղաքական ճգնաժամն այդ երկրում: Իսկ Հայաստանն այլևս, կարծես թե, դասվում է այն երկրների թվին, որոնք շահագրգռված չեն եվրաինտեգրման խորացմամբ և իրենց ապագան տեսնում են այլ ձևաչափերի մեջ:

Համենայն դեպս, այդ կարծիքին է լիտվացի քաղաքագետ, Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Մարիուս Լաուրինավիչիուսը: Նա գտնում է, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն ինքնըստինքյան նշանակում է, որ Հայաստանի առջև այլևս փակ է եվրաինտեգրման ճանապարհը, ոչ թե այն պատճառով, որ ԵՄ-ն Հայաստանից “նեղացել է”, այլ որովհետև ԵՄ հետ Հայաստանի ինտեգրումը ենթադրում է օրենսդրության ներդաշնակեցում, ինչն անհնարին է Մաքսային միությանն անդամակցելու պարագայում: Այնուամենայնիվ, կարծում է Լաուրինավիչիուսը, դա չի նշանակում, որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը կդադարեցվի, և Հայաստանը ստիպված կլինի դուրս գալ “Արևելյան Գործընկերության” ծրագրից. պարզապես պետք է գտնվի համագործակցության նոր ձևաչափ: Ինչ վերաբերում է ՈՒկրաինային, վերլուծաբանի կարծիքով, ասոցացման պայմանագրի ստորագրումն ընդամենը ժամանակի հարց է:

Կյանքը Վիլնյուսից հետո. քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյան

Վերջապես տեղի ունեցավ Վիլնյուսի գագաթաժողովը, որն այդքան շատ քննարկումների թեմա էր դարձել անցած ամիսների ընթացքում : Տրվեցին շատ հարցերի պատասխաններ, բայց նաև առաջացան նոր հարցեր: Ակնհայտ է, որ Արևելյան Գործընկերության հետ կապված ԵՄ ծրագրերը հանդիպեցին որոշակի դիմադրության և, ասենք այսպես, ամբողջապես չիրականացան, գոնե այս փուլում: Ո՞րոնք էին էր դրա պատճառները: Արդյո՞ք հնարավոր էր այլ ելք: Ի՞նչ ուղղությամբ են զարգանալու գործընթացները Վիլնյուսից հետո:

Հայաստանում ևս չեն դադարում վեճերը այս գործընթացների մեջ Հայաստանի տեղի շուրջ: Արդյո՞ք ճիշտ էր Հայաստանի իշխանությունների որոշումը: Արդյո՞ք կար այս որոշման այլընտրանքը: Ի՞նչ կարող են անել այս իրավիճակում Հայաստանի քաղաքացիական հասարակությունը և ընդհանրապես ակտիվ քաղաքացիները: Այս հարցերի շուրջ առկա են ամենատարբեր մոտեցումները: Մեր վիդեո-բլոգում իր տեսակետն է ներկայացնում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: