ԱլԳ ՔՖՀ հայտարարությունը ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ. Հերիքնազ Հարությունյան

Անցյալ շաբաթ Կիևում կայացած Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան համաժողովում քննարկման առարկա է դարձել Հայաստանում սահմանադրական բարեփոխման գործընթացը: ՔՖՀ-ն ընդունել է հայտարարություն, որով արտահայտում է իր մտահոգությունն առ այն, որ ինչպես բարեփոխման գործընթացը, այնպես էլ առաջարկվող նախագիծը չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին (ամբողջական տեքստը տե’ս ստորև): ՔՀՖ-ում տեղի ունեցած քննարկումների և հայտարարության մասին զրուցել ենք ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանի հետ:

ԱլԳ ՔՀՖ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության փոփոխությունների գործընթացի վերաբերյալ
.
Մենք՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի՝ Կիեւում ընթացող 7-րդ տարեկան համաժողովի մասնակիցներս, կիսելով ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի մեր գործընկերների մտահոգությունը, հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող Սահմանադրության փոփոխությունների գործընթացը բազմաթիվ բաղադրիչներով չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին:
Մեզ մտահոգում է, որ Սահմանադրության նախագծի մշակման եւ դրա վերաբերյալ հանրաքվեի անցկացման քարոզչության գործընթացը՝ ներառյալ իրազեկման համար հավասար հնարավորությունների ապահովման եւ ընտրացուցակների կազմման աշխատանքները, իրականացվում են ակնհայտ խախտումներով եւ արդեն իսկ անվստահություն են ձեւավորում Սահմանդրության հանրաքվեի վերջնական արդյունքների նկատմամբ:
Հիշեցնում ենք, որ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը մինչ այդ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը եւ դրա վերաբերյալ հանրաքվեի անցկացումը ժամանակավրեպ են եւ բխում են ոչ թե հասարակության եւ պետության շահերից, այլ բացառապես՝ առկա քաղաքական կոնյունկտուրայից:
Մենք անընդունելի ենք համարում իշխող կուսակցության կողմից հանրային ռեսուրսները միակողմանի քարոզչության եւ իշխանության վերարտադրման շահերին ծառայեցնելու պրակտիկան:
Մենք ահազանգում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծում պատշաճ կերպով սահմանված չեն մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին, տեղական ինքնակառավարմանը, շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնմանը, բնական պաշարների ողջամիտ օգտագործմանը եւ այլ ոլորտային խնդիրներին վերաբերող բազմաթիվ դրույթներ:
Ահազանգում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների առկա գործընթացը չի նպաստում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ որոշումների կայացման մասնակցության իրավունքի իրացմանը եւ դա պետք է արժանանա բոլոր այն միջազգային կառույցների ուշադրությանը, որոնք ունեն մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության տարածման առաքելություն:
ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորում
20 նոյեմբերի, 2015թ.
Կիեւ

Advertisements

Ինչ նպատակ են հետապնդում սահմանադրական փոփոխությունները. Լուսինե Հակոբյան

Շարունակվում են քննարկումները սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ: Մի կողմից իշխանությունն իրականացնում է քննարկումներ մի շարք քաղաքական ուժերի հետ և ներկայացնում է այդ քննարկումներն իբրև ապացույց, որ սահմանադրության բարեփոխման գործընթացը ժողովրդավարական է: Մյուս կողմից քաղաքական որոշ ուժեր և քաղաքացիական ակտիվիստներ հայտարարում են, որ սահմանադրության փոփոխման իրական նպատակը Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վերարտադրությունն է, և խոստանում են պայքարել սահմանադրության փոփոխության դեմ: Որո՞նք են սահմանադրության փոփոխման գործընթացը իրական նպատակները: Ինչպե՞ս այդ գործընթացին կարձագանքեն եվրոպական կառույցները: Եվ ինչպե՞ս պետք է այս իրավիճակում կողմնորոշվի քաղաքացիական հասարակությունը: Այդ հարցերի շուրջ զրուցել ենք իրավագետ Լուսինե Հակոբյանի հետ:

Արդյո՞ք սահմանադրական փոփոխությունների գործընթացը ժողովրդավարական է. Արտակ Զեյնալյան

Վերջին օրերին բուռն քննարկումներ են ծավալվել իշխանության կողմից առաջարկվող սահմանադրական բարեփոխման նախագծի շուրջ: Այդ առաջարկներն արդեն իսկ արժանացել են քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների և ընդդիմադիր քաղաքական ուժերի քննադատությանը: Սակայն, մինչև նախագծի ուժեղ և թույլ կողմերին անդրադառնալը հարկ է հասկանալ, թե արդյոք ներկայիս սահմանադրական բարեփոխման գործընթացն ինքնին տեղավորվում է երկրի ժողովրդավարական զարգացման տրամաբանության մեջ: Մասնավորապես, արդյո՞ք առկա է նման բարեփոխման հանրային պահանջ, կամ առնվազն քաղաքական ուժերի կոնսենսուս բարեփոխման անհրաժեշտության շուրջ: Որքանո՞վ է համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին հանրաքվեի` ներկայումս գործող ընթացակարգը: Արդյո՞ք Հայաստանի հանրությունն այսօր ունի իրական հնարավորություն` ազդելու սահմանադրական բարեփոխման գործընթացի վրա: Սահմանադրական բարեփոխման հետ առնչվող այս խնդիրների շուրջ զրուցել ենք իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ: