Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ասամբլեա` ի՞`նչ սպասելիքներ ունենք. Հայկուհի Հարությունյան

Մի քանի օր անց Կիևում իր աշխատանքը կսկսի ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի յոթերորդ ամենամյա ասամբլեան, որին կմասնակցեն Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ: Այսօր, երբ  պետական մակարդակով Հայաստան-ԵՄ համագործակցության հնարավորությունները որոշ չափով սահմանափակված են` պայմանավորված աշխարհաքաղաքական իրողություններով, առավել կարևոր է դառնում քաղաքացիական հասարակության դերը ԱլԳ ձևաչափով համագործակցությունը շարունակելու գործում: Այն մասին, թե ինչ սպասելիքներ ունեն Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկյացուցիչները Քաղաքացիական հասարակության ֆորումի ասամբլեայից, զրուցում ենք <<Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների>> ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ:

Advertisements

Հայաստան-ԵՄ հարաբերությունները և քաղաքացիական հասարակությունը. Միքայել Հովհաննիսյան

Հայաստանի և ԵՄ միջև վերսկսվել են բանակցությունները շրջանակային փաստաթղթի շուրջ: Արդյո՞ք այս հանգամանքը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքացիական հասարակության համար: Կարող է արդյո՞ք քաղաքացիական հասարակությունն օգտագործել այս գործընթացը բարեփոխումների օրակարգը առաջ մղելու համար: Այդ մասին զրուցել ենք Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Միքայել Հովհաննիսյանի հետ:

Ինչպես աշխատել Մաքսային միության պայմաններում՝ բելառուսական քաղաքացիական հասարակության փորձը. Վլադ Վյալիչկա

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը միշտ էլ աշխատել է բավականին բարդ պայմաններում, հատկապես եթե համեմատենք կայացած ժողովրդավարական երկրներում առկա պայմանների հետ: Սակայն, ետխորհրդային որոշ երկրների համեմատությամբ Հայաստանում իրավիճակը նախընտրելի էր: Այս առումով, Հայաստանի որոշումը՝ անդամակցել Մաքսային միությանը առաջացրել է որոշակի մտավախություններ: Բոլորին հայտնի է, որ Մաքսային միության երկրներում՝ Բելառուսում, Ղազախստանում և Ռուսաստանում հասարակական կազմակերպությունների և ոչ-ֆորմալ ակտիվիստների գործունեության համար առկա են մեղմ ասած յուրահատուկ պայմաններ: Կա մտավախություն, որ այդ երկրների իշխանությունների “կոշտ” վերաբերմունքը քաղաքացիական հասարակության հանդեպ կարող է ազդել նաև ներհայաստանյան գործընթացների վրա, առավել ևս, որ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի իշխանությունների համար եվրոպական չափանիշներին համապատասխանելն այլևս առաջնահերթ կարևորություն ունեցող խնդիր չէ:

Այս առումով Հայաստանի քաղաքացիական հասարակության համար կարևոր է Մաքսային միության երկրների քաղաքացիական հասարակությունների փորձը: Հատկապես հետաքրքիր է Բելառուսի փորձը, քանի որ Բելառուսը, Մաքսային միության անդամ լինելով, միաժամանակ նաև Արևելյան Գործընկերության մասնակիցներից է: Բելառուսական քաղաքացիական հասարակության փորձի մասին զրուցեցինք “Եվրա-Բելառուս” միջազգային կոնսորցիումի ղեկավար Վլադ Վյալիչկայի հետ:

Հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական ակտիվիստների համագործակցության մասին. քաղաքացիական ակտիվիստ Արայիկ Հարությունյան

Մի քանի տարի առաջ Հայաստանում սկսվեց քացաքացիական ակտիվիզմի վերելք: Թեղուտ, Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճ, Մաշտոցի Այգի, «Բանակն Իրականում», «Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնություն. ահա մի քանիսն այն քաղաքացիական նախաեռնություններից, որոնց ականատեսը դարձանք վերջին տարիներին: Իհարկե, նման քաղաքացիական նախաձեռնություններ կային նաև նախկինում, ինչպես օրինակ «Սկսել ա» հայտնի նախաձեռնությունը 2000-ականներին, սակայն քաղաքացիական նախաձեռնությունների համար սկզբունքորեն նոր հնարավորություններ բացվեցին վերջին տարիներին` ինտերնետային սոցիալական ցանցերի/նոր մեդիայի առաջընթացի հետ կապված: Այսօր այս քաղաքացիական նախաձեռնությունները դարձել են հայաստանյան քաղաքացիական հասարակության կարևոր բաղադրիչը: Սակայն, մինչ այժմ գոյություն ունի որոշակի հեռավորություն այս ոչ-ֆորմալ նախաձեռնությունների և քաղաքացիական հասարակության ավելի ինստիտուցիոնալ բաղադրիչի` հասարակական կազմակերպությունների միջև: Ճիշտ է, որոշ հարցերի շուրջ առկա է համագործակցություն, սակայն այն դեռևս չի ստացել համակարգային բնույթ, իսկ որոշ դեպքերում կարելի է անգամ նկատել որոշակի մրցակցություն և չհասկացվածություն: Արդյո՞ք մեզ անհրաժեշտ է համագործակցություն ՀԿ-երի և ոչ-ֆորմալ ակտիվիստական նախաձեռնությունների միջև և ի՞նչպիսի հեռանկարներ ունի այն մեր երկրում:

«Ավանդական» հասարակական կազմակերպությունների և ոչ-ֆորմալ քաղաքացիական նախաձեռնությունների համագործակցության մասին զրուցում ենք քաղաքացիական ակտիվիստ Արայիկ Հարությունյանի հետ:

Ընտրություններ առանց այլընտրանքի. նախընտրական զարգացումների շուրջ

Այսօր ԶԼՄ-երը և սոցիալական ցանցերը քննարկում են մի լուր, որը միաժամանակ սպասելի էր և անակնկալ. Լևոն Տեր-Պետրոսյանը այս ընտրություններում չի առաջադրվելու: Ճիշտ է, քննարկումները ՀԱԿ-ի մասնակցության ձևաչափի շուրջ դեռևս շարունակվում են, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ առաջիկա ընտրություններում իշխանությունը չի ունենա այնպիսի մրցակից, որը կկարողանար համախմբել հասարակության ուժերը: Ընդդիմադիր դաշտը համախմբելու հավակնություն ունեն Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն նրանք շատ ժամանակ չունեն իրավիճակը փոխելու համար: Կարծես թե իրականություն է դառնում armenia.now կայքի այն կանխատեսումը, որ Հայաստանում սպասվում են երկրի պատմության մեջ ամենատարօրինակ ընտրությունները:

Ինչպես մեզ հետ զրույցում նշում է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այն քաղաքական ուժերը, որոնք կառուցվում են մեկ անհատի շուրջ, ի վերջո, քայքայման վտանգի առջև են հայտնվում: Ընդհակառակը, այն շարժումները, որոնք չունեն հստակ արտահայտված առաջնորդ և կառուցվում են ցանցային սկզբունքով, հաճախ հասնում են իրենց ուզած արդյունքին: Գուցե դա նշանակում է, որ այսօր մեր հասարակությունը պետք է դադարի հույս դնել քաղաքական առաջնորդների վրա, և ինքը ձեռնամուխ լինի իր առջև կանգնած խնդիրների լուծմանը: Մեր վիդեո-բլոգի նախորդ թողարկման մեջ Բորիս Նավասարդյանը առաջարկել էր, որ քաղաքացիական հասարակությունը ունենա իր ներկայացուցիչներին նախընտրական պայքարում, որոնք թեկնածուի կարգավիճակը կօգտագործեն երկրի առջև կանգնած խնդիրները բարձրաձայնելու և համապատասխան օրակարգ ձևավորելու համար: Ինչ-որ չափով այդ միտքը կիսում է նաև Արմեն Գրիգորյանը, թեև նա կարծում է, որ ժամանակը քիչ է, և այսօր պետք է կառուցել ավելի հեռահար ծրագրեր:

Ցանկացած դեպքում, երբ առաջնորդները հեռանում են, դա կարող է նշանակել, որ կամ գալիս են նոր առաջնորդներ, կամ էլ առաջնորդների ժամանակներն ընդհանրապես անցել են: Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, “արաբական գարունից” մինչև “գրավիր Ուոլ Սթրիթը”, այսօրվա աշխարհում փոփոխություններ կատարում են ոչ թե առաջնորդները, այլ քաղաքացիները և նրանց ստեղծած ցանցերը: