ԱլԳ ՔՖՀ հայտարարությունը ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ. Հերիքնազ Հարությունյան

Անցյալ շաբաթ Կիևում կայացած Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան համաժողովում քննարկման առարկա է դարձել Հայաստանում սահմանադրական բարեփոխման գործընթացը: ՔՖՀ-ն ընդունել է հայտարարություն, որով արտահայտում է իր մտահոգությունն առ այն, որ ինչպես բարեփոխման գործընթացը, այնպես էլ առաջարկվող նախագիծը չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին (ամբողջական տեքստը տե’ս ստորև): ՔՀՖ-ում տեղի ունեցած քննարկումների և հայտարարության մասին զրուցել ենք ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանի հետ:

ԱլԳ ՔՀՖ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության փոփոխությունների գործընթացի վերաբերյալ
.
Մենք՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի՝ Կիեւում ընթացող 7-րդ տարեկան համաժողովի մասնակիցներս, կիսելով ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի մեր գործընկերների մտահոգությունը, հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող Սահմանադրության փոփոխությունների գործընթացը բազմաթիվ բաղադրիչներով չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին:
Մեզ մտահոգում է, որ Սահմանադրության նախագծի մշակման եւ դրա վերաբերյալ հանրաքվեի անցկացման քարոզչության գործընթացը՝ ներառյալ իրազեկման համար հավասար հնարավորությունների ապահովման եւ ընտրացուցակների կազմման աշխատանքները, իրականացվում են ակնհայտ խախտումներով եւ արդեն իսկ անվստահություն են ձեւավորում Սահմանդրության հանրաքվեի վերջնական արդյունքների նկատմամբ:
Հիշեցնում ենք, որ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը մինչ այդ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը եւ դրա վերաբերյալ հանրաքվեի անցկացումը ժամանակավրեպ են եւ բխում են ոչ թե հասարակության եւ պետության շահերից, այլ բացառապես՝ առկա քաղաքական կոնյունկտուրայից:
Մենք անընդունելի ենք համարում իշխող կուսակցության կողմից հանրային ռեսուրսները միակողմանի քարոզչության եւ իշխանության վերարտադրման շահերին ծառայեցնելու պրակտիկան:
Մենք ահազանգում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծում պատշաճ կերպով սահմանված չեն մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին, տեղական ինքնակառավարմանը, շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնմանը, բնական պաշարների ողջամիտ օգտագործմանը եւ այլ ոլորտային խնդիրներին վերաբերող բազմաթիվ դրույթներ:
Ահազանգում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների առկա գործընթացը չի նպաստում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ որոշումների կայացման մասնակցության իրավունքի իրացմանը եւ դա պետք է արժանանա բոլոր այն միջազգային կառույցների ուշադրությանը, որոնք ունեն մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության տարածման առաքելություն:
ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորում
20 նոյեմբերի, 2015թ.
Կիեւ

Advertisements

Ինչով է զբաղվում քաղաքացիական հասարակության ֆորումը և ինչու է դա կարևոր. Նատալիա Յարաշևիչը՝ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի մասին

Սովորաբար միջպետական համագործակցության ծրագրերում նախատեսվում է համագործակցություն կառավարությունների, որոշ դեպքերում նաև խորհրդարանների միջև, սակայն քաղաքացիական հասարակությունը հաճախ դուրս է մնում նման ձևաչափերից: Այս առումով ԵՄ Արևելյան Գործընկերության ծրագիրը, որի մասնակից է նաև Հայաստանը, բացառիկ է, քանի որ այս ծրագրի շրջանակներում լուրջ դեր է հատկացված քաղաքացիական հասարակությանը: Սա հատկապես կարևոր է Հայաստանի համար, որի իշխանությունները սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո հայտնվել են բավականին երկիմաստ վիճակում, քանի որ, մնալով ԱլԳ շրջանակներում,  Հայաստանը միաժամանակ ձգտում է դառնալ Մաքսային միության անդամ:  Այս պայմաններում, ինչպես ցույց է տալիս Բելառուսի փորձը, հատկապես մեծ կարևորություն է ստանում երկրի քաղաքացիական հասարակության դերը: Այս առումով շատ կարևոր է կարողանալ ճիշտ օգտագործել այն գործիքները, որոնք առկա են ԱլԳ շրջանակներում, և հատկապես այն ձևաչափը, որի շրջանակներում տեղի է ունենում ԱլԳ երկրների քաղաքացիական հասարակությունների համագործակցությունը՝ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումը:

ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի գործունեության մասին զրոցում ենք Նատալիա Յարաշեվիչի՝ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի քարտուղարության տնօրենի հետ: