Արդյոք Ամալ Քլունին կկարողանա օգնել Հադիջա Իսմայլովային. Լաուրա Բաղդասարյան

Վերջին ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված բավականին կարևոր զարգացումներ տեղի ունեցան` տնտեսական անկում և տարադրամի արժեզրկում, հակակառավարական ցույցեր, ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ բանաձևեր անցկացնելու` մասամբ հաջողված փորձեր: Այս ամենի ֆոնին համեմատաբար ավելի քիչ ուշադրության արժանացավ ևս մեկ կարևոր զարգացում. ակնհայտորեն կեղծ մեղադրանքներով ձերբակալված “Ազատություն” ռադիոկայանի լրագրող Հադիջա Իսմայլովայի գործը, որը շուտով քննելու է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը: Այս գործում նկատվեց անսպասելի շրջադարձ, երբ Իսմայլովայի պաշտպանությամբ զբաղվելու պատրաստակամություն հայտնեց հայտնի իրավապաշտպան և փաստաբան,  Ամալ Քլունին, որը ոչ վաղ անցյալում նաև ներկայացնում էր Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում: Հակառակ սպասումներին, Իսմայլովան համաձայնվեց Քլունիի հետ համագործակցել` չնայած Ադրբեջանում հնչող այն մեղադրանքներին, թե դրանով իսկ նա իբր համաձայնվել է համագործակցել հայկական սփյուռքի հետ:

Այս գործի հանգամանքների և այն մասին, թե ինչ կարևոր հետևանքներ կարող է այն ունենալ, զրուցել ենք “Ռեգիոն” հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ:

Ինչո՞ւ է Ադրբեջանը գժտվել Արևմուտքի հետ. Անժելա Էլիբեգովա

Նոյեմբերի մեկին Ադրբեջանում կկայանան խորհրդարանական ընտրություններ: Այս ընտրությունները կանցնեն բավականին յուրահատուկ պայմաններում:  Արևմուտք-Ադրբեջան հարաբերություններում առկա է աննախադեպ լարվածության, միաժամանակ նկատվում է որոշակի մերձեցում Ռուսաստանի հետ: Նոր իրավիճակ է նաև Ադրբեջանի ներսում. մի կողմից` ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը գրեթե ամբողջապես ջախջախված են քաղաքական բռնաճնշումների հետևանքով, մյուս կողմից` առկա են սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ: Այն մասին, թե ինչ կարելի է սպասել այս ընտրություններից, և ինչով են պայմանավորված Ադրբեջան-Արևմուտք հարաբերություններում առկա խնդիրները, զրուցել ենք տարածաշրջանային հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի հետ:

Հ.Գ. Երբ հարցազրույցն արդեն տեսագրված էր, հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է, իսկ, ըստ որոշ տեղեկությունների, նաև ձերբակալվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարը: Թերևս, սա ևս մեկ վկայություն է, որ, չնայած ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը փաստորեն չեզոքացվել են, Ադրբեջանի իշխանությունն այսօրվա իրավիճակում լուրջ վտանգներ է տեսնում իր համար:

Իշխող վերնախավերին ձեռնտու չեն ո՜չ պատերազմը, ո՜չ էլ կոնֆլիկտի լուծումը. կոնֆլիկտաբան Արտակ Այունցը Ղարաբաղյան հակամարտության մասին

Հունվարի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և Մինսկի Խմբի համանախագահների հերթական հանդիպումը: Հանդիպումը տեղի ունեցավ բավականին լարված մի ժամանակաշրջանում. ինչպես և անցյալում տեղի ունեցած նման հանդիպումների ժամանակ, այս հանդիպմանը նախորդեցին արյունալի սահմանային միջադեպեր և ռազմատենչ հայտարարություններ: Այս առումով հարց է առաջանում. արդյո՞ք այս հանդիպումն իրական քայլ էր` հակամարտության լուծման ուղղությամբ, և որքանո՞վ արդյունավետ կարող են լինել բանակցությունները, որոնք տեղի են ունենում այսպիսի լարված մթնոլորտում: Ղարաբաղյան հակամարտությունում առկա իրավիճակի և բանակցային գործընթացի հեռանկարների մասին զրուցեցինք կոնֆլիկտաբան Արտակ Այունցի հետ:

Թոմ դե Վաալ. զենքի վաճառքը չի նշանակում, որ Ռուսաստանը դարձել է Ադրբեջանի դաշնակիցը

Այնքան էլ բազմաթիվ չեն արևմտյան ուսումնասիրողները, որոնք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին: Հակամարտությանն անդրադարձած փոքրաթիվ հեղինակներից է բրիտանացի լրագրող, ներկայումս Քարնեգի հիմնադրամի`Հարավային Կովկասի գծով փարձագետ Թոմ դե Վաալը: Նրա “Սև այգի” գիրքը ժամանակին մեծ աղմուկ առաջացրեց, Թոմ դե Վաալը արժանացավ բավականին լուրջ քննադատության, ընդ որում գրքի որոշ դրվագների համար նա քննադատվեց Հայաստանում, իսկ որոշ դրվագների համար նրան կողմնակալության մեջ մեղադրեցին Ադրբեջանում: Այժմ Թոմ դե Վաալը Երևանում է, նա հասարակությանը ներկայացնում է իր գրքի վերախմբագրված տարբերակը: Դե Վաալը նաև գրում է նոր գիրք՝ այս անգամ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Մենք զրուցեցինք Թոմ դե Վաալի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ վերջին զարգացումների մասին:

Ադրբեջանցի իրավապաշտպան. ես ապշած էի, երբ տեսա, որ այրում են Այլիսլիի գրքերը

Մինչ Հայաստանում թեժանում են հետընտրական զարգացումները, հարևան Ադրբեջանում հարաբերական անդորր է: Այնտեղ հետևում են հայաստանյան ընտրություններին, նախապատրաստվում են հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին և քննարկում են ադրբեջանցի հայտնի գրող Աքրամ Այլիսլիի “Քարե երազներ” վիպակը:

Այս ստեղծագործության մեջ, որը վերջերս լույս տեսավ ռուսերեն “Դրուժբա նարոդով” պարբերականում, գրողն անդրադարձել է նաև հայկական ջարդերին, ինչը պայթած ռումբի էֆեկտ ունեցավ ադրբեջանական հասարակության մեջ: Այլիսլիին մեղադրեցին դավաճանության մեջ, նրան հեռացրեցին Արդբեջանի Գրողների միությունից, զրկեցին բոլոր պարգևներից, ընտանիքի անդամներին ազատեցին աշխատանքից, իսկ մի իշխանամետ քաղաքական գործիչ անգամ խոստացավ դրամական պարգև յոթանասունվեցամյա գրողի ականջը կտրելու համար: Այլիսլիի հանդեպ հալածանքներին արձագանքեցին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում Հյուման Րայթս ՈՒոթչը, իսկ ականջ կտրելու դիմաց խոստացված փրկագնի մասին պատմությունն տեղ գտավ համաշխարհային մամուլի էջերին

Այլիսլին, չնայած այս ամենին, սկզբունքայնորեն շարունակում է պաշտպանել իր դիրքորոշումը: Այսպես, մի հեռուստաբանավեճի ժամանակ, երբ իշխանամետ պատգամավոր Մուսա Գուլիևը նրան մեղադրեց, այսպես ասած, “հայերի ջրաղացին ջուր լցնելու” և “հայկական քարոզչությանը նպաստելու” մեջ, Այլիսլին հակադարձեց. “Հենց դուք եք դա անում, դուք ամեն օր հայհոյում եք հայերին, իսկ հետո շրջվում եք և ասում եք, որ մենք պետք է միասին ապրենք“:

Ադրբեջանում հայաստանյան ընտրությունների արձագանքների, երկրի ներքին քաղաքական վիճակի և Այլիսլիի գրքի մասին զրուցեցինք հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան, կոնֆլիկտաբան Ավազ Հասանովի հետ: