Ամանորյան ֆլամինգոների, դիզայներների, ավագանու և տեղական ժողովրդավարության մասին

Երևանցիների ամանորյա սեղանների շուրջ խոսակցություններում թերևս ամենաքննարկելի թեմաներից էր Երևանի ամանորյա զարդարանքի, կամ, ինչպես այն անվանվեց սոցիալական ցանցերում, “ֆլամինգոների” թեման:  Թերևս քննարկումները նույնիսկ ավելի թեժ էին, քան նախագահական ընտրությունների թեմայի շուրջ, առավել ևս, որ նախագահական ընտրություններում կարծես թե արդեն ամեն ինչ պարզ է, իսկ այս հարցում ամեն ինչ ոչ միանշանակ է. ոմանց դուր է գալիս ամանորյա զարդարանքը, ոմանք էլ համարում են այն անճաշակության գագաթնակետ: Ի վերջո, ո՞վ պետք է նման հարցերի շուրջ որոշում կայացնի. քաղաքապե՞տը, ավագանի՞ն, դիզայներ մասնագետնե՞րը, “հասարակ” քաղաքացինե՞րը:

Այս հարցի շուրջ զրուցում են ԵՐԵՎԱՆ ամսագրի (հայերեն տարբերակ) գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյանը և “ուրբան լաբ Երևան” քաղաքաշինության ժողովրդավարացման ինստիտուտի հիմնադիր Սարհատ Պետրոսյանը:

Սարհատը այս ամենի մեջ դրական պահ է տեսնում. քաղաքապետարանը ի վերջո հասկացավ, որ պարտադիր չե ինչ-որ դարակազմիկ նախագծեր իրականացնել (ինչպես օրինակ Հյուսիսային պողոտան), կարելի է քաղաքը ապրելու համար ավելի հաճելի տեղ դարձնել  դարձնել համեմատաբար ավելի փոքր քայլերով, ինչպես օրինակ ամանորյա զարդարանքի տեղադրումն է: Այլ հարց է արված աշխատանքի որակը. ինչպես նշում է Սարհատը, որակ ապահովելու համար պետական համակարգը ոչ թե ինքը պետք է փորձի լավ գաղափարներ արտադրել, այլ պետք է փորձի մասնագիտական միջավայրից լավ գաղափարներ գտնել և դրանք իրականություն դարձնել: Արտավազդը այս առնչությամբ բարձրացնում է ավագանու դերի մասին հարցը: Սարհատը գտնում է, որ ավագանին իր ներկա տեսքով չի կարողանում ապահովել կապը քաղաքացիների և քաղաքապետարանի միջև, քանի որ այն, ըստ էության, ոչ այնքան ընտրվում է քաղաքացիների կողմից, այլ նշանակվում՝ իշխող կուսակցության կողմից: Նա նաև որոշակի ճանապարհ է առաջարկում, որը թույլ կտա գոնե ինչ-որ չափով այդ իրավիճակը փոխել:

Advertisements