Սևադա Պետրոսյան. Երևանի գլխավոր հատակագծի, զարգացման հայեցակարգի և քաղաքաշինական այլ խնդիրների մասին

Ավագանու ընտրությունների նախաշեմին դարձյալ սուր քննարկումների առարկա են դարձել Երևանի քաղաքաշինական խնդիրները: Մինչ իշխող քաղաքական ուժը խոստանում է “ավելի լավ Երևան”, ընդդիմադիր ուժերը քննադատում են վերջին տարիների ընթացքում իրականացվող քաղաքաշինական քաղաքականությունը: Քաղաքաշինության խնդիրներով մտահոգ մասնագետներն ու քաղաքացիական ակտիվիստներն էլ հետևում են այս բանավեճին և փորձում են օգտագործել ներկայիս նախընտրական իրավիճակը և հանրության ուշադրությունը հրավիրել Երևանի առջև կանգնած առավել սուր խնդիրներին:

Վերջին տարիներին մենք ականատես դարձանք  այս կամ այն կասկածելի քաղաքաշինական նախագծի հետ կապված բուռն քննարկումների, որոնք հաճախ վերածվում են քաղաքացիական շարժումների: Երբեմն ակտիվիստներին հաջողվում է կասեցնել այդպիսի նախագծերի իրականացումը, ինչպես Մոսկվա կինոթատրոնի և Մաշտոցի այգու դեպքում, որոշ դեպքերում էլ վիճելի քաղաքաշինական նախագծերն իրականացվում են, ինչն, ակտիվիստների կարծիքով, անդառնալի վնաս է հասցնում քաղաքին: Մեր վիդեո-բլոգի այս թողարկման մեջ զրուցում ենք Երևանի քաղաքաշինական խնդիրների մասին՝ այդ նախաձեռնություններից մի քանիսի ակտիվ մասնակից, ճարտարապետ Սևադա Պետրոսյանի հետ:

Advertisements

Ամանորյան ֆլամինգոների, դիզայներների, ավագանու և տեղական ժողովրդավարության մասին

Երևանցիների ամանորյա սեղանների շուրջ խոսակցություններում թերևս ամենաքննարկելի թեմաներից էր Երևանի ամանորյա զարդարանքի, կամ, ինչպես այն անվանվեց սոցիալական ցանցերում, “ֆլամինգոների” թեման:  Թերևս քննարկումները նույնիսկ ավելի թեժ էին, քան նախագահական ընտրությունների թեմայի շուրջ, առավել ևս, որ նախագահական ընտրություններում կարծես թե արդեն ամեն ինչ պարզ է, իսկ այս հարցում ամեն ինչ ոչ միանշանակ է. ոմանց դուր է գալիս ամանորյա զարդարանքը, ոմանք էլ համարում են այն անճաշակության գագաթնակետ: Ի վերջո, ո՞վ պետք է նման հարցերի շուրջ որոշում կայացնի. քաղաքապե՞տը, ավագանի՞ն, դիզայներ մասնագետնե՞րը, “հասարակ” քաղաքացինե՞րը:

Այս հարցի շուրջ զրուցում են ԵՐԵՎԱՆ ամսագրի (հայերեն տարբերակ) գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյանը և “ուրբան լաբ Երևան” քաղաքաշինության ժողովրդավարացման ինստիտուտի հիմնադիր Սարհատ Պետրոսյանը:

Սարհատը այս ամենի մեջ դրական պահ է տեսնում. քաղաքապետարանը ի վերջո հասկացավ, որ պարտադիր չե ինչ-որ դարակազմիկ նախագծեր իրականացնել (ինչպես օրինակ Հյուսիսային պողոտան), կարելի է քաղաքը ապրելու համար ավելի հաճելի տեղ դարձնել  դարձնել համեմատաբար ավելի փոքր քայլերով, ինչպես օրինակ ամանորյա զարդարանքի տեղադրումն է: Այլ հարց է արված աշխատանքի որակը. ինչպես նշում է Սարհատը, որակ ապահովելու համար պետական համակարգը ոչ թե ինքը պետք է փորձի լավ գաղափարներ արտադրել, այլ պետք է փորձի մասնագիտական միջավայրից լավ գաղափարներ գտնել և դրանք իրականություն դարձնել: Արտավազդը այս առնչությամբ բարձրացնում է ավագանու դերի մասին հարցը: Սարհատը գտնում է, որ ավագանին իր ներկա տեսքով չի կարողանում ապահովել կապը քաղաքացիների և քաղաքապետարանի միջև, քանի որ այն, ըստ էության, ոչ այնքան ընտրվում է քաղաքացիների կողմից, այլ նշանակվում՝ իշխող կուսակցության կողմից: Նա նաև որոշակի ճանապարհ է առաջարկում, որը թույլ կտա գոնե ինչ-որ չափով այդ իրավիճակը փոխել: