ԱլԳ ՔՖՀ հայտարարությունը ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ. Հերիքնազ Հարությունյան

Անցյալ շաբաթ Կիևում կայացած Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան համաժողովում քննարկման առարկա է դարձել Հայաստանում սահմանադրական բարեփոխման գործընթացը: ՔՖՀ-ն ընդունել է հայտարարություն, որով արտահայտում է իր մտահոգությունն առ այն, որ ինչպես բարեփոխման գործընթացը, այնպես էլ առաջարկվող նախագիծը չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին (ամբողջական տեքստը տե’ս ստորև): ՔՀՖ-ում տեղի ունեցած քննարկումների և հայտարարության մասին զրուցել ենք ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանի հետ:

ԱլԳ ՔՀՖ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության փոփոխությունների գործընթացի վերաբերյալ
.
Մենք՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի՝ Կիեւում ընթացող 7-րդ տարեկան համաժողովի մասնակիցներս, կիսելով ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի մեր գործընկերների մտահոգությունը, հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող Սահմանադրության փոփոխությունների գործընթացը բազմաթիվ բաղադրիչներով չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին:
Մեզ մտահոգում է, որ Սահմանադրության նախագծի մշակման եւ դրա վերաբերյալ հանրաքվեի անցկացման քարոզչության գործընթացը՝ ներառյալ իրազեկման համար հավասար հնարավորությունների ապահովման եւ ընտրացուցակների կազմման աշխատանքները, իրականացվում են ակնհայտ խախտումներով եւ արդեն իսկ անվստահություն են ձեւավորում Սահմանդրության հանրաքվեի վերջնական արդյունքների նկատմամբ:
Հիշեցնում ենք, որ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը մինչ այդ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը եւ դրա վերաբերյալ հանրաքվեի անցկացումը ժամանակավրեպ են եւ բխում են ոչ թե հասարակության եւ պետության շահերից, այլ բացառապես՝ առկա քաղաքական կոնյունկտուրայից:
Մենք անընդունելի ենք համարում իշխող կուսակցության կողմից հանրային ռեսուրսները միակողմանի քարոզչության եւ իշխանության վերարտադրման շահերին ծառայեցնելու պրակտիկան:
Մենք ահազանգում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծում պատշաճ կերպով սահմանված չեն մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին, տեղական ինքնակառավարմանը, շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնմանը, բնական պաշարների ողջամիտ օգտագործմանը եւ այլ ոլորտային խնդիրներին վերաբերող բազմաթիվ դրույթներ:
Ահազանգում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների առկա գործընթացը չի նպաստում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ որոշումների կայացման մասնակցության իրավունքի իրացմանը եւ դա պետք է արժանանա բոլոր այն միջազգային կառույցների ուշադրությանը, որոնք ունեն մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության տարածման առաքելություն:
ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորում
20 նոյեմբերի, 2015թ.
Կիեւ

Advertisements

ԱԼԳ Եվրաինտեգրման ինդեքս. Հայաստանը ետ է մնում առաջատարներից

Մեր նախորդ վիդեոբլոգերից մեկում մենք խոսել էինք Եվրաինտեգրման ինդեքսի մասին: Վերջերս լույս է տեսել <<Եվրաինտեգրման ինդեքս-2014>> նոր զեկույցը: Այս զեկույցը, որն ամփոփում է Արևելյան գործընկերության երկրների եվրոպական ինտեգրման արդյունքները 2014 թ. դրությամբ, արտադրվել է ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի և գործընկերների ջանքերով. այն ծառայում է որպես բարեփոխումների ընթացքի նկատմամբ քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող մոնիթորինգի գործիք։

Զեկույցի մասին զրուցում են ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի, եվրաինտեգրման հարցերով փորձագետ Արևհատ Գրիգորյանը և քաղաքական վերլուծաբան Միքայել Զոլյանը: