Հունաստանի ճգնաժամը, Եվրամիությունը և մենք. Մարթա Այվազյան

Վերջին ամիսների ամենաքննարկվող իրադարձությունը, եթե ոչ ամբողջ աշխարհում, ապա առնվազն Եվրոպայում, Հունաստանի ֆինանասական ճգնաժամն էր: Ողջ աշխարհը հետևում էր նրան, թե ինչպես են Հունաստանի կառավարությունը և Եվրամիությունը փորձում համաձայնության հասնել` կարգավորելու համար այդ երկրի ֆինանասական խնդիրները: Այս ամենի արդյունքում ոչ միայն ինքը Հունաստանը հայտնվել է խիստ ծանր տնտեսական կացության մեջ, այլև տնտեսական ճգնաժամի վտանգի առջև կանգնել է ամբողջ Եվրամիությունը, առաջին հերթին, եվրոյի գոտու մեջ մտնող երկրները: Իսկ որ նման ճգնաժամի հետևանքները կարող են լուրջ ազդեցություն թողնել նաև մեր տարածաշրջանի և մեր երկրի վրա, կարծում ենք, ակնհայտ է:  Հունաստանի ճգնաժամը և դրա հնարավոր հետևանքները ԵՄ քաղաքականության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար քննարկել ենք միջազգայնագետ Մարթա Այվազյանի հետ:

Advertisements

Արդյո՞ք սահմանադրական փոփոխությունների գործընթացը ժողովրդավարական է. Արտակ Զեյնալյան

Վերջին օրերին բուռն քննարկումներ են ծավալվել իշխանության կողմից առաջարկվող սահմանադրական բարեփոխման նախագծի շուրջ: Այդ առաջարկներն արդեն իսկ արժանացել են քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների և ընդդիմադիր քաղաքական ուժերի քննադատությանը: Սակայն, մինչև նախագծի ուժեղ և թույլ կողմերին անդրադառնալը հարկ է հասկանալ, թե արդյոք ներկայիս սահմանադրական բարեփոխման գործընթացն ինքնին տեղավորվում է երկրի ժողովրդավարական զարգացման տրամաբանության մեջ: Մասնավորապես, արդյո՞ք առկա է նման բարեփոխման հանրային պահանջ, կամ առնվազն քաղաքական ուժերի կոնսենսուս բարեփոխման անհրաժեշտության շուրջ: Որքանո՞վ է համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին հանրաքվեի` ներկայումս գործող ընթացակարգը: Արդյո՞ք Հայաստանի հանրությունն այսօր ունի իրական հնարավորություն` ազդելու սահմանադրական բարեփոխման գործընթացի վրա: Սահմանադրական բարեփոխման հետ առնչվող այս խնդիրների շուրջ զրուցել ենք իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ:

Արևմուտք-Իրան գործարքը և Հայաստանը. Աննա Գևորգյան

Իրանի և այսպես կոչված “Վեցյակի” (ավելի ճիշտ 5+1` Անվտանգության Խորհրդի անդամ երկրներ, գումարած Գերմանիան, ԵՄ ներկայացուցչի ներկայությամբ) միջև կայացած համաձայնությունը նոր էջ է բացում մեր տարածաշրջանի համար: Այսօր չեն դադարում քննարկումներն այդ համաձայնության տարբեր տեսանկյունների մասին: Մեզ` հայաստանցիներիս, բնականաբար, առաջին հերթին, հետաքրքրում է, թե ինչպես այն կանդրադառնա մեր երկրի վրա: Այսօր, կարելի է լսել բավականին լավատեսական կարծիքներ, ըստ որոնց, սա մի պատմական հնարավորություն է Հայաստանի համար, որը կարող է դառնալ յուրահատուկ կամուրջ Իրանի և Եվրոպայի միջև: Այն մասին, թե որքանով է այդ լավատեսությունը հիմնավոր, զրուցեցինք իրանագետ Աննա Գևորգյանի հետ:

Բաղրամյան պողոտան և Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրները. Աղասի Ենոքյան

“Ոչ թալանին” շարժման ակտիվիստները միշտ ժխտել են, որ իրենց շարժումն ունի քաղաքական բնույթ, առավել ևս որ այն դնում է որևէ խնդիրներ` կապված Հայաստանի արտաքին քաղաքականության հետ: Այնուամենայնիվ, միջազգային ԶԼՄ-երը` թե’ Արևմուտքում , թե’ Ռուսաստանում, թե’ մեր տարածաշրջանի այլ երկրներում հաճախ հենց այդ համատեքստում են դիտարկում Երևանում տեղի ունեցածը: Շատերն այս դեպքերը որակում էին որպես “մայդան”, ընդ որում ռուսական ԶԼՄ-երը “մայդան” ասելով ի նկատի ունեին արևմուտքի կողմից կազմակերպված և Ռուսաստանի դեմ ուղղված “հերթական դավադրություն”: Իհարկե, իրականությունը Երևանում շատ տարբեր էր այս պատկերացումներից, սակայն ակնհայտ է, որ Բաղրամյան պողոտայի շուրջ ծավալված իրադարձությունները սերտորեն կապված են Հայաստանի արտաքին քաղաքականության, մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների հետ: Այդ մասին զրուցում ենք քաղաքագետ, միջազգայնագետ Աղասի Ենոքյանի հետ: