Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը և Եվրոպան` նոր միտումներ. Լուսինե Խառատյան

Թերևս այսօր Հայաստանում ամենաքննարկվող թեման է Մեծ Եղեռնի հարյուրամյակը, և դրա հետ կապված` Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի ակտիվացումը: Այս առումով, մենք տեսնում ենք հետաքրքիր զարգացումներ Եվրոպայում: Սկզբից Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հանդես եկավ բավականին վճռական հայտարարությամբ. նա մասնավորապես ասաց, որ Հայոց ցեղասպանությունը քսաներորդ դարի երեք ծանրագույն հանցանքներից մեկն է, ընդ որում, ըստ Հռոմի պապի, մյուս երկուսն են Հոլոքոսթը և Ստալինյան բռնաճնշումները: Այս հայտարարությունն առաջացրեց թուրք պաշտոնյաների կոշտ արձագանքը: Հետաքրքիր էր նաև այս ամենի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արձագանքը, որը խուսափեց բանավեճի կողմերից մեկին պաշտպանելուց: Այնուհետև Եվրախորհրդարանը հանդես եկավ ցեղասպանության ճանաչումը պահանջող բանաձևով: Երևանում ապրիլի 24-ին սպասվում է Ֆրանսիայի նախագահի այցը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավանաբար չի մասնակցի Գալիպոլիի ճակատամարտի առթիվ` թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված տոնակատարությանը, ինչը, հաշվի առնելով Գերմանիայում թուրքական համայնքի ուժեղ դիրքերը, ևս բավականին խոսուն փաստ է: Աառավել ևս, սպասվում է, որ ցեղասպանության առթիվ հայտարարությամբ հանդես կգա Գերմանիայի նախագահը:

Այսպիսով մենք տեսնում ենք, որ առնվազն ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանն ունի բավականին լուրջ աջակցություն Եվրոպայում: Արդյո՞ք այդ աջակցությունը կապված է սոսկ սփյուռքի ջանքերի հետ և սահմանափակվում է ցեղասպանության ճանաչման հարցով:  Եվ արդյո՞ք այն աջակցության ալիքը, որը մենք այսօր տեսնում ենք` կապված ցեղասպանության հարյուրամյակի հետ, հնարավոր է օգտագործել Հայաստանի ապագայի հետ կապված այլ հարցեր լուծելու համար: Այս ամենի մասին զրուցել ենք ազգագրագետ, DVV International կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Լուսինե Խառատյանի հետ:

Ինչու Հայաստանի քաղաքական դաշտում չի ձևավորվում եվրոպական բևեռ. Հրանտ Տեր-Աբրահամյան

Երբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Հայաստանը մասնակցելու է եվրասիական ինտեգրացիոն նախագծին, այս որոշման շուրջ ծավալվեց բավականին լուրջ բանավեճ ԶԼՄ-երում և քաղաքացիական հասարակության շրջանակներում: Ոմանք քննադատում էին այդ որոշումը` որպես Հայաստանի ինքնիշխանությանը հակասող, շատերն էլ գտնում էին, որ ավելի հեռանկարային է համագործակցությունը Եվրամիության հետ: Սակայն, քաղաքական դաշտը, մասնավորապես, ընդդիմադիր և “ոչ-իշխանական” հատվածը, որոշ բացառություններով, հիմնականում չեզոք կամ դրական դիրքորոշում արտահայտեց Հայաստանի` եվրասիական ինտեգրմանը մասնակցության վերաբերյալ: Ի տարբերություն, օրինակ, ՈՒկրաինայի, որտեղ ստեղծվեց հզոր քաղաքական ճակատ ի պաշտպանություն զարգացման եվրոպական վեկտորի, նման բան Հայաստանում տեղի չունեցով ո’չ անմիջապես 2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո, ո’չ էլ հետագայում: Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքական դաշտում բացակայում է <<եվրոպական>> բևեռը: Եվ արդյո՞ք հնարավոր է նման բևեռի գոյությունն ընդհանրապես  այն պայմաններում, որոնք առկա են այսօր Հայաստանում:

Այն մասին, թե ինչու Հայաստանում չի ձևավորվում քաղաքական դաշտի <<եվրոպական> բևեռ, զրուցեցինք պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ:

Ինտեգրացիոն նախագծերը ետխորհրդային տարածքում և անվտանգության գործոնը. Սերգեյ Մինասյան

Այսօր ետխորհրդային տարածությունում կան երկու մրցակցող ինտեգրացիոն նախագծեր` Եվրասիական Միությունը և ԵՄ Արևելյան Գործընկերության ծրագիրը: Թեև այս երկու նախագծերն էլ տեսականորեն հիմնականում տնտեսական բնույթ ունեն, իրականությունն այն է, որ այդ երկու նախագծերի միջև ընտրությունը հաճախ պայմանավորված է անվտանգության նկատառումներով: Ինտեգրացիոն ծրագրերի համատեքստում անվտանգության գործոնի դերի մասին զրուցել ենք վերլուծաբան, Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի հետ:

Ի՞նչ կստանար Հայաստանը, եթե ԵՄ հետ ասոցացման պայմանագիրն իրականություն դառնար. Դանիել Իոաննիսյան

Ցավոք, հայաստանյան հասարակությունը բավականին աղոտ պատկերացումներ ունի այն ինտեգրացիոն նախագծերի մասին, որոնք առաջարկվել են Հայաստանին վերջին տարիների ընթացքում: Անշուշտ, բոլորը գիտեն, որ սկզբից Հայաստանը բանակցել է Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի շուրջ, իսկ հետո հրաժարվել է այդ գործընթացից, և սկսել ինտեգրումը միանգամայն այլ կառույցի` Եվրասիական Տնտեսական Միության հետ: Սակայն, հաշվված մարդիկ են տեղեկացված այն մասին, թե իրականում ինչ էր իրականում նշանակում Հայաստանի տնտեսության համար ԵՄ հետ խորը և համապարփակ առևտրի գոտին, որից հրաժարվեցինք` նախընտրելով ԵՏՄ-ն:

Վերջերս սոցիալական ցանցերում տարածվեց մի տեսահոլովակ, որն ամփոփում էր, թե ինչից զրկվեց Հայաստանը` հրաժարվելով ԵՄ հետ ասոցացման և խորը և համապարփակ առևտրի գոտի ստեղծելուց: Այս տեսահոլովակը ստեղծվել էր Իրազեկ Քաղաքացիների Միավորում ՀԿ-ի կողմից ձեռնարկած հետազոտության հիման վրա: Հետազոտության մասին մենք զրուցեցինք այդ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ: