Էրդողանը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից. արևելագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը Թուրքիայի ներքին քաղաքական իրավիճակի մասին

Մինչ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարծես թե սառեցված է, բավականին բուռն իրադարձություններ են տեղի ունենում Թուրքաիյի ներքին քաղաքական կյանքում: Անցյալ տարին բավականին բարդ տարի էր Թուրքիայի իշխող “Արդարություն և զարգացում” կուսակցության և Թուրքայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի համար, իսկ այս տարի թերևս էլ ավելի բարդ կարող է լինել: Անցյալ տարվա մայիսին Էրդողանին մարտահրավեր նետեցին Ստամբուլի Գեզի այգու պաշտպանության համար սկսված բողոքի ակցիաները, որոնք վերաճեցին լայնածավալ բողոքի շարժման: Տարեվերջին Էրդողանը լուրջ հարված ստացավ մեկ այլ ուղղությունից. Էրդողանի դեմ դուրս եկան իրավապահ մարմինները, որոնց հակակոռուպցիոն միջոցառումների “զոհ” դարձան Էրդողանի մի շարք զինակիցներ: Թուրքիայում շատերը բացատրում են ոստիկանության գործողություններն այն հակամարտությամբ, որն առկա է Էրդողանի և հայտնի իսլամական աստվածաբան Ֆեթհուլա Գյուլենի միջև: Գյուլենը, որը մինչև վերջերս պաշտպանում էր Էրդողանի քաղաքականությունը, թեև ներկայանում է իբրև հոգևոր, այլ ոչ թե քաղաքական առաջնորդ, ունի բազմաթիվ կողմնակիցներ Թուրքիայում, այդ թվում իրավապահ մարմիններում և դատական համակարգում: Առայժմ, Էրդողանին կարծես հաջողվում է դիմակայել ճնշմանը, սակայն այսօր դեռևս դժվար է ասել, թե ինչով կավարտվի այս հակամարտությունը:

Թուրքիայի ներքին քաղաքական գործընթացների և հայ-թուրքական հարաբերությունների վրա դրանց հնարավոր ազդեցության մասին զրուցել ենք արևելագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ:

Advertisements

Իշխող վերնախավերին ձեռնտու չեն ո՜չ պատերազմը, ո՜չ էլ կոնֆլիկտի լուծումը. կոնֆլիկտաբան Արտակ Այունցը Ղարաբաղյան հակամարտության մասին

Հունվարի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և Մինսկի Խմբի համանախագահների հերթական հանդիպումը: Հանդիպումը տեղի ունեցավ բավականին լարված մի ժամանակաշրջանում. ինչպես և անցյալում տեղի ունեցած նման հանդիպումների ժամանակ, այս հանդիպմանը նախորդեցին արյունալի սահմանային միջադեպեր և ռազմատենչ հայտարարություններ: Այս առումով հարց է առաջանում. արդյո՞ք այս հանդիպումն իրական քայլ էր` հակամարտության լուծման ուղղությամբ, և որքանո՞վ արդյունավետ կարող են լինել բանակցությունները, որոնք տեղի են ունենում այսպիսի լարված մթնոլորտում: Ղարաբաղյան հակամարտությունում առկա իրավիճակի և բանակցային գործընթացի հեռանկարների մասին զրուցեցինք կոնֆլիկտաբան Արտակ Այունցի հետ:

Ի՞նչ է նշանակում Սահմանադրական Դատարանի որոշումը. “Դեմ ենք պարտադիրին” ֆեյսբուքյան խմբի անդամ Մանե Թանդիլյան

Հայաստանի քաղաքական և հասարակական օրակարգի կարևոր թեմաներից է մնում անցումը կենսաթոշակային նոր համակարգի, որը ենթադրում է պարտադիր վճարումներ կենսաթոշակային հիմնադրամին : Այս փոփոխությունն առաջացրեց լուրջ դժգոհություն հասարակության մեջ, և ծավալվեց քաղաքացիական շարժում, որն աչքի ընկավ հուժկու բողոքի ակցիաներով: Ֆեյսբուքյան խումբը, որը դարձավ այդ շարժման հիմքը, այսօր արդեն ունի գրեթե 24 000 անդամ, և նրանց թիվը շարունակում է աճել: Իշխանությունը, կարծես, դեռևս չի կողմնորոշվել, թե ինչպես պետք է լուծել այս խնդիրը: Մի կողմից, Սահմանադրական Դատարանը կասեցրեց օրենքի երկու հոդվածների գործողությունը, ինչն, ըստ էության, նշանակում է, որ մինչև ՍԴ վերջնական որոշումը, գործատուները կարող են չկատարել վճարումներ այդ օրենքով: Մյուս կողմից, բարեփոխման պաշտպանությամբ հանդես եկավ Սերժ Սարգսյանը, և անգամ անվանեց այդ բարեփոխումը “պատմական“:

Իսկ  ի՞նչ կարծիքի են Սահմանադրական Դատարանի որոշման և շարժման հետագա ճակատագրի մասին հենց իրենք` կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ ուղղված շարժման մասնակիցները: Այդ մասին զրուցել ենք “Դեմ ենք պարտադիրին” ֆեյսբուքյան խմբի անդամ Մանե Թանդիլյանի հետ:

Միասնական պատմություն, թե՞ ինտելեկտուալ գաղութացման փորձ. պատմաբան Տիգրան Զաքարյանը ԱՊՀ պատմության դասագրքի մասին

Անցյալ տարվանից ընթանում են քննարկումներ ԱՊՀ երկրների պատմության միասնական դասագրքի ստեղծման նախաձեռմության շուրջ: Նախաձեռնողը Ռուսաստանն է. միասնական դասագրքի ստեղծման գաղափարը բարձրաձայնել է Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, ով Ռուսաստանի Դաշնային խորհրդին կից ինտեգրացիոն խմբի նիստում հայտարարեց, որ ԱՊՀ երկրների համար ստեղծվելու է պատմության միասնական դասագիրք: Ինքնին, տարբեր երկրների պատմաբանների կողմից համատեղ դասագրքերի ստեղծումն աշխարհում բավականին ընդունված պրակտիկա է, մասնավորապես եվրոպական երկրներում: Սակայն, Հայաստանի՝ Մաքսային Միության անդամակցության և եվրասիական ինտեգրման մասին վերջերս ակտիվացող խոսակցությունների համատեքստում միասնական դասագրքի գաղափարը ստանում է նաև քաղաքական նշանակություն: Մասնավորապես, լուրջ հարցեր են առաջանում՝ կապված այդ նախաձեռնությանը Հայաստանի հնարավոր մասնակցության հետ:

Պատմության միասնական դասագրքի ստեղծման նախաձեռնությունը մեկնաբանում է պատմաբան Տիգրան Զաքարյանը:

Արևմուտք-Իրան հարաբերությունները, իրանական գազը և մենք. քաղաքագետ Սևակ Սարուխանյան

Օրերս մեր տարածաշրջանում տեղի ունեցավ մի կարևորագույն իրադարձություն, որը գրեթե աննկատ մնաց Հայաստանում: ՈՒժի մեջ մտավ Իրանի և արևմտյան մի շարք պետությունների միջև կնքված Ժնևի համաձայնագրի: Համաձայնագրի էությունն այն է, որ Իրանը համաձայնվել է ժամանակավորապես սահմանափակել իր միջուկային ծրագիրը, իսկ Արևմուտքը համաձայնվել է մասամբ կասեցնել Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Իհարկե, սա Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերջնական լուծում համարել չի կարելի, սակայն սա լուրջ քայլ է այդ ուղղությամբ: Եթե այս գործընթացը շարունակվի, միջազգային պատժամիջոցները Իրանի դեմ կարող են ընդհանրապես վերացվել, և հարաբերությունները Արևմուտքի և Իրանի միջև կարող են կարգավորվել: Սա նաև նշանակում է, որ հնարավորություն կստեղծվի դեպի Եվրոպա իրանական էներգակիրների արտահանման համար: Բնական է, որ այս ամենի շնորհիվ հնարավոր են զգալի աշխարհաքաղաքական փոփոխություններ մեր տարածաշրջանում և դրանցից կարող է օգտվել նաև Հայաստանը:

Իրան-Արևմուտք հարաբերությունների և Հայաստանի համար դրանց հնարավոր հետևանքների մասին զրուցեցինք քաղաքագետ, իրանագետ Սևակ Սարուխանյանի հետ:

Ի՞նչ է կատարվում Կիևում. լրագրող Արթուր Պապյանը “Մայդանի” մասին

Այս օրերին  թեժացել է իրավիճակը ՈՒկրաինայում: Նախորդ տարվա նոյեմբերից սկսված զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են, և առճակատումը, կարծես, մտել է նոր փուլ. Կիևի փողոցներում իրական մարտեր են ընթանում ցուցարարների և իրավապահների, մասնավորապես հատուկ նշանակության “Բերկուտ” ջոկատի միջև: Վերջին բախումների անմիջական շարժառիթը դարձավ Գերագույն Ռադայի կողմից ընդունված օրենքների փաթեթը, որը խիստ սահմանափակում է քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Այս քայլն ընդդիմությունը գնահատեց իբրև ՈՒկրաինայում բռնապետություն հաստատելու փորձ, նոր օրենքների փաթեթը նաև խստորեն քննադատեց քաղաքացիական հասարակությունը: Ցավոք, բախումների արդյունքում արդեն կան մարդկային զոհեր, ընդ որում զոհերից մեկն է ազգությամբ հայ Սերգեյ Նիգոյանը:

ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին զրուցում ենք լրագրող Արթուր Պապյանի հետ