Կյանքը Վիլնյուսից հետո. քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյան

Վերջապես տեղի ունեցավ Վիլնյուսի գագաթաժողովը, որն այդքան շատ քննարկումների թեմա էր դարձել անցած ամիսների ընթացքում : Տրվեցին շատ հարցերի պատասխաններ, բայց նաև առաջացան նոր հարցեր: Ակնհայտ է, որ Արևելյան Գործընկերության հետ կապված ԵՄ ծրագրերը հանդիպեցին որոշակի դիմադրության և, ասենք այսպես, ամբողջապես չիրականացան, գոնե այս փուլում: Ո՞րոնք էին էր դրա պատճառները: Արդյո՞ք հնարավոր էր այլ ելք: Ի՞նչ ուղղությամբ են զարգանալու գործընթացները Վիլնյուսից հետո:

Հայաստանում ևս չեն դադարում վեճերը այս գործընթացների մեջ Հայաստանի տեղի շուրջ: Արդյո՞ք ճիշտ էր Հայաստանի իշխանությունների որոշումը: Արդյո՞ք կար այս որոշման այլընտրանքը: Ի՞նչ կարող են անել այս իրավիճակում Հայաստանի քաղաքացիական հասարակությունը և ընդհանրապես ակտիվ քաղաքացիները: Այս հարցերի շուրջ առկա են ամենատարբեր մոտեցումները: Մեր վիդեո-բլոգում իր տեսակետն է ներկայացնում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Advertisements

Մաքսային միությունը և հայ-ռուսական հարաբերությունները, հայացք Ռուսաստանից. քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնով

Մաքսային միության հնարավոր անդամակցության մասին քննարկումները Հայաստանում շարունակվում են և այս քննարկումներում առանցքային են Ռուսաստանի դերին վերաբերող հարցերը: Ակնհայտ է, որ Հայաստանի անդամակցության խնդիրը կապված է Ռուսաստանի արտաքին քաղաքական օրակարգի հետ, և Մաքսային Միության մյուս անդամները` Բելառուսը և Ղազախստանն այս հարցում ընդամենը արձագանքում էին Ռուսաստանից եկող նախաձեռնությանը: Արդյո՞ք Ռուսատանն իրապես շահագրգռված է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությամբ, թե պարզապես Հայաստանին` Արևմուտքից հեռու պահելու խնդիր է դրված: Ի՞նչ չափով է Ռուսաստանի համար ընդունելի լինելու շարունակվող համագործակցությունը Հայաստանի և Արևմուտքի, մասնավորապես Եվրամիության հետ: Վերջապես, ի՞նչպես է հնարավոր իրականություն դարձնել Ռուսաստանի գլխավորությամբ նախաձեռնվող ինտեգրացիոն նախագիծը, եթե Ռուսաստանի ներսում օր օրի ուժեղանում է այլատյացությունը նախկին խորհրդային երկրների բնակիչների հանդեպ (դրա վառ վկայությունն էին վերջրես Մոսկվայի արվարձան Բիրյուլյովոյում տեղի ունեցած դեպքերը):

Այս հարցերի շուրջ զրուցել ենք ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի հետ:

Արդարադատությունը շատ հարցեր ունի Սաակաշվիլիին. լրագրող Զվիադ Քորիձե

Հոկտեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրություններով Վրաստանում վերջնականապես ավարտվեց Սաակաշվիլիի դարաշրջանը: Սաակաշվիլիի` որպես քաղաքական գործիչ գործունեության դրական և բացասական կողմերը գնահատելու հնարավորություն վրացիները դեռևս կունենան: Սակայն, այսօր Վրաստանում քննարկվում են ավելի հրատապ հարցեր: Ո՞վքեր են երկրի նոր ղեկավարները` 44-ամյա նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, և վարչապետի հավանական թեկնածուն` 31-ամյա Իրակլի Ղարիբաշվիլին: Ի՞նչ քաղաքական ծրագրեր և մոտեցումներ ունեն այս մարդիկ: Ի՞նչ դեր վրացական քաղաքականության մեջ կխաղա Բիձինա Իվանիշվիլին: Եվ վերջապես, ի՞նչ ապագա է սպասում Միխեիլ Սաակաշվիլիին, որին Վրաստանում շատերը համարում են մեծ պետական գործիչ, ում շնորհիվ Վրաստանը մեծ նվաճումներ է արձանագրել, շատերն էլ համարում են հանցագործ և բռնապետ, ում պետք է պատժել իր արարքների համար:

Այս ամենի մասին զրուցել ենք վրացի լրագրող, Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի խորհրդի անդամ Զվիադ Քորիձեի հետ:

Պետք չէ շահարկել Արցախի գործոնը` սեփական որոշումները հիմնավորելու համար. Մասիս Մայիլյանը Մաքսային Միության և Ղարաբաղի հիմնախնդրի մասին

Վերջին շրջանում առավել հաճախ են դարձել քննարկումները, որոնցում Արցախի հիմնախդնիրը կապվում է Մաքսային միության շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ: Մաքսային միությանը միանալու որոշումը հիմնավորվում էր, ի թիվս այլ գործոնների, անվտանգության գործոնով, այսինքն անուղղակիորեն` ղարաբաղյան խնդրի առկայությամբ: Իրավիճակն էլ ավելի խճճվեց Մինսկի հանդիպումից հետո, որի ժամանակ ղարաբաղյան հիմնախնդիրը շոշափվեց, այսպես ասենք, Հայաստանի համար ոչ նպաստավոր համատեքստում:

Այսօր Ռուսաստանի կողմից, կարծես թե, փորձ է արվում` սրբագրել Մինսկում հնչած ոչ-հայանպաստ ձևակերպումները: Այսպես, Երևան այցելած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ  Վիկտոր Խրիստենկոն հայտարարեց, որ Թուրքիան չի պատրաստվում մտնել Մաքսային Միություն (ինչի մասին Մինսկում հայտարարել էր Ղազախաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբայեվը), ինչպես նաև նշեց, որ միայն Մաքսային Միության երկրների կարծիքն է հաշվի առնվելու` Հայաստանի ընդունման հարցում (Մինսկում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն նշել էր, որ պետք է հարցնել նաև Ադրբեջանի կարծիքը): Խրիստենկոն անգամ ավելացրեց, որ  Մաքսային Միությունը դրական կարող է անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Այնուամենայնիվ, այն հարցը, թե ինչպես կազդի Հայաստանի մասնակցությունը “եվրասիական” ինտեգրման գործընթացին Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացների վրա, շարունակում է բաց մնալ:

Այն մասին, թե ինչպես են այս հարցը դիտարկում Արցախում, զրուցեցինք Լեռնային Ղարաբաղի Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հետ:

Մոլդովան ընտրում է Եվրամիությունը` չնայած ճնշումներին. մոլդավացի լրագրող Պետրու Մակովեյ

Մինչև սեպտեմների 3-ը Արևելյան Գործընկերության երկրներից եվրաինտեգրման առաջատար էին համարվում Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան: Այժմ Մոլդովան շարունակում է ընթացքը դեպի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրի նախաստորագրում: ԵՄ կարծես լուրջ խնդիրներ չի տեսնում այդ առումով, ի տարբերություն օրինակ ՈՒկրաինայի: Փոխարենը Մոլդովայի շարժումը դեպի ԵՄ  այնքան էլ դուր չի գալիս Ռուսաստանին: Մոլդովայի ներսում ևս չկա միանշանակ կարծիք, թեև մեծամասնությունը, կարծես, աջակցում է իշխանությունների եվրոպական կողմնորոշմանը: Վերջերս Քիշնևում տեղի ունեցավ հուժկու ցույց` ի պաշտպանություն եվրաինտեգրման: Ընդդիմադիր կոմունիստները պատրաստվում են այսօր  պատասխան ցույց անցկացնել` եվրաինտեգրման դեմ: Եվրաինտեգրման հարցում Մոլդովայի դիրքորոշման մասին զրուցեցինք մոլդավացի լրագրող, Մոլդովայի անկախ մամուլի ասոցիացիայի գործադիր տնօրեն Պետրու Մակովեյի հետ:

Մակովեյի խոսքերով Հայաստանի իշխանությունների որոշումը` անդամակցել Մաքսային միությանը որոշակի հիասթափություն առաջացրեց Մոլդովայում` եթե ոչ պաշտոնական մակարդակով (Հայաստան-Մոլդովա հարաբերությունները բնականաբար չեն տուժի և համագործակցությունը կշարունակվի, ասում է փորձագետը), ապա առնվազն լրագրողների և քաղաքացիական հասարակության շրջանում: Մոլդովայում, ինչպես ասում է Մակովեյը, կա վճռականություն` շարունակելու գործընթացը: Այնտեղ, ըստ Մակովեյի, չեն դիտարկում Ասոցացման համաձայնագիրը որպես հակառուսական քայլ, սակայն պատրաստ են դիմակակել հնարավոր ճնշումներին: Ավելին, Մակովեյի կարծիքով, նախկինում Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցները հակառակ արդյունքն են տվել, քանի որ այժմ աճել է Մոլդովայի արտահանումը դեպի այլ շուկաներ, և տնտեսության կախվածությունը ռուսական շուկայից զգալիորեն թուլացել է:

Տեր-Պետրոսյանի առաջարկի էությունն այն է, որ երեք նախագահները դուրս գան ասպարեզից. քաղաքագետ Մանվել Սարգսյանը ներքին քաղաքական իրավիճակի մասին

Սեպտեմբերի 3-ին արված` Հայաստանի Մաքսային միությանը միանալու ցանկության մասին հայտարարությունից հետո թվում էր, թե քաղաքական անդորրը Հայաստանում պետք է խախտվի` իր տեղը զիջելով բուռն քննարկումների Հայաստանի կողմից կատարված ընտրության վերաբերյալ: Իհարկե, որոշակի բանավեճ տեղի ունեցավ, որոշ կուսակցություններ քննադատեցին նախագահի արտաքին քաղաքական կուրսը, սակայն ընդհանուր առմամբ ստեղծվել էր այն տպավորությունը, որ քաղաքական ուժերի խոստացած “թեժ աշունը” այդպես էլ չի գալու:

Եվ ահա, այժմ կարծես իրավիճակը սկսել է փոխվել: Այս անգամ ներքին քաղաքական խմորումներն ակտիվացան Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մինսկյան նիստից հետո, որն աչքի ընկավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հակասական հայտարարությամբ և ռուսական OPT հեռուստաալիքի տարօրինակ նյութով: Նախ Սերժ Սարգսյանի հրաժարականի կոչով հանդես եկավ Արցախի խորհրդարանի պատգամավոր Վահան Բադասյանը, ինչը բավականին ուշագրավ է, քանի որ Արցախում սովորաբար խուսափում են ՀՀ իշխանությունների բացահայտ քննադատությունից: Ապա, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հոդվածով, որով ևս պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ընդ որում, Տեր-Պետրոսյանը նաև նշում էր, որ հրաժարականի դեպքում ինքը չի առաջադրվելու իբրև նախագահի թեկնածու, և, բացի այդ, առաջարկում էր, որ խորհրդարանը Սերժ Սարգսյանին տրամադրվի անձնական անվտանգության և գույքի անձեռնխելիության երաշխիքներ:

Ինչպե՞ս պետք է մեկնաբանել այս ամենը: Որքա՞նով են այս ներքին քաղաքական զարգացումները պայմանավորված արտաքին խնդիրներով և կարող են արդյո՞ք դրանք ազդել մեր երկրի առջև կանգնած արտաքին քաղաքական մարտահրավերների վրա: Այս ամենի մասին զրուցում ենք քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանի հետ: