Փակ շուկան հետ բերել այլևս հնարավոր չէ. ճարտարապետ Արսեն Կարապետյանը Փակ Շուկայի մասին

Երևանի քաղաքաշինական խնդիրների մեղմ ասած <<հակասական լուծումները>>, ինչպես նաև դրանց դեմ ուղղված հանրային բողոքը, նորություն չեն: Սակայն, անգամ ամեն ինչ տեսած երևանցիների համար Փակ Շուկայի դեպքն արտառոց էր: Շուկայի վերակառուցումը, որը ձեռնարկվեց նոր սեփականատիրոջ կողմից, դատապարտվում էր ոչ միայն մասնագետների և հասարակ քաղաքացիների, այլև պետական մարմինների ներկայացուցիչների կողմից: Այնուամենայնիվ, դա չխանգարեց, որ վերակառուցումն ավարտին հասցվի, ընդ որում այն իրականցվց այնպես, որ, մասնագետների գնահատմամբ, Փակ Շուկան այլևս չի կարելի համարել ճարտարապետական հուշարձան: Ավելին, թերևս առաջին անգամ Հայաստանում քաղաքացիական ակտիվիզմի պատմության մեջ, ակտիվիստների բողոքին հակադրվեցին սեփականատիրոջ կողմնակիցների բազմամարդ ակցիաները, ինչը ևս մի ապտակ դարձավ հուշարձանը պահպանելու կոչերով հանդես եկող հանրությանը:

Ի՞նչպես են ճարտարապետները գնահատում Փակ Շուկայի ներկայիս վիճակը: Ի՞նչով էր այն հատկապես կարևոր հայ ճարտարապետության պատմության տեսակետից: Հնարավո՞ր է արդյոք վերականգնել Փակ շուկան որպես հուշարձան: Այս ամենի մասին զրուցել ենք ճարտարապետ և բլոգեր Արսեն Կարապետյանի հետ:

Վրաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվի՝ անկախ ընտրությունների արդյունքից. քաղաքագետ Գիորգի Մճեդլիշվիլի

Սեպտեմբերի 3-ի հայտարարությունը անակնկալ էր ոչ միայն Հայաստանի հասարակության, այլև մեր հարևանների համար: Թերևս ամենից շատ այն քննարկվում էր Վրաստանում, ինչը միանգամայն հասկանալի էր՝ հաշվի առնելով Վրաստանի և Ռուսաստանի մեղմ ասած բարդ հարաբերությունները: Մաքսային Միության և Հայաստանի թեման նաև բավականին ակտիվ սկսեց արծարծել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Բավական է հիշել նրա աղմկահարույց ելույթը ՄԱԿ-ում կամ նրա վերջերս արված հայտարարությունը՝ Վրաստանի հնարավոր “հայկականացման” վերաբերյալ: Վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմնակիցները ավելի զուսպ են արտահայտվում Մաքսային միության հարցով, սակայն նրանք ևս պնդում են, որ վճռականորեն շարունակելու են Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը: Ինչպես գտնում են քաղաքագետները, Սաակաշվիլիի հայտարարությունները կապված են նաև Վրաստանի ներքին քաղաքական խնդիրների, մասնավորապես հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ, որոնցում հաղթանակի հիմնական հավակնորդ համարվում է Իվանիշվիլիի կողմնակից Գիորգի Մարգվելաշվիլին:

Այս ամենի մասին զրուցում ենք վրացի քաղաքագետ, Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի (Չաթամ հաուս) հրավիրված հետազոտող Գիորգի Մճեդլիշվիլիի հետ:

Չի կարելի թույլ տալ 2005-ի կրկնությունը. իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը սահմանադրական բարեփոխման մասին

Մինչ շարունակվում են քննարկումները սեպտեմբերի 3-ից հետո առաջացած նոր աշխարհաքաղաքական իրողությունների և Մաքսային Միությանն անդամակցելու հեռանկարի վերաբերյալ, հասարակության ուշադրությունից դուրս է մնում մեկ այլ գործընթաց, որը ձեռնարկել են իշխանությունները՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Սա ևս կարևորագույն մի գործընթաց է, որից կախված կարող է լինել մեր եկրի ապագան, և, ցավոք, այստեղ ևս կա թափանցիկության պակաս: Այնքան էլ պարզ չէ, թե ինչ փոփոխություններ են կատարվելու, ինչ ակնկալիքներ ունի դրանցից իշխանությունը, և ինչպես պետք է ապահովվի այս գործընթացին հասարակության մասնակցությունը:

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին զրուցեցինք իրավապաշտպան, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանի հետ:

Քաղաքացիական ակտիվիզմը և նոր մարտահրավերները. Հայկակ Արշամյան և Սուրեն Սաղաթելյան

Այս տարվա օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին տեղի ունեցան մի շարք հարձակումներ քաղաքացիական ակտիվիստների դեմ: Այդ հարձակումներից մեկն իրականացվեց մեր կազմակերպության աշխատակից Հայկակ Արշամյանի և Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանի դեմ: Թեև հարձակումից անցել է մեկ ամսից ավելի, չկա որևէ առաջընթաց այս հանցագործության բացահայտման առումով: Եվ սա չնայած այն հանգամանքին, որ հարձակումը մեծ արձագանք էր առաջացրել, հանգամանորեն լուսաբանվել ԶԼՄ-երում, այն դատապարտել էին հայաստանյան ՀԿ-երը, ընդդիմադիր քաղաքական ուժերը, եվրոպական կառույցների ներկայացուցիչները, Հյուման Ռայթս ՈՒոթչ և Ամնեսթի Ինթերնեշնլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:

Այսօր մենք զրուցեցինք Հայկակ Արշամյանի և Սուրեն Սաղաթելյանի հետ`Հայաստանում քաղաքացիական ակտիվիզմի և ներկայում քաղաքացիական ակտիվիստների առջև կանգնած մարտահրավերների մասին: