Լրագրողների, Սիրիայի և տեղեկատվական պատերազմի մասին. BBC լրագրող Մարկ Գրիգորյան

Մենք սովոր ենք տեղեկատվական պատերազմների մասին խոսակցություններին՝ ղարաբաղյան հակամարտության կամ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Սակայն, արդյո՞ք այդ երևույթը բնորոշ է միայն այն երկրներին, որոնք ունեն սառեցված հակամարտություններ: Այսօր, մինչ Սիրիայում մոլեգնում է քաղաքացիական պատերազմը, աշխարհի տարբեր երկրների լրատվամիջոցները հաճախ իրարամերժ տեղեկություններ են փոխանցում այդ երկրից: Արդյոք այս իրավիճակը կարելի բնորոշել որպես տեղեկատվական պատերազմ, դժվարանում ենք ասել: Սակայն, փաստ է, որ արևմտյան և ռուսական ԶԼՄ-երը Սիրիայում տիրող իրավիճակը ներկայացնում են միանգամայն տարբեր տեսանկյուններից: Մեր լրագրողներն էլ հաճախ վերարտադրում են այդ տեղեկատվությունը, և, առանց այն ստուգելու կամ քննադատաբար վերլուծելու, մատուցում են հանրությանը:

Սիրիայի իրադարձությունների լուսաբանման առանձնահատկությունների շուրջ զրուցում ենք BBC ռուսական ծառայության լրագրող Մարկ Գրիգորյանի հետ:

Մաքսային Միություն թե՞ ԵՄ ազատ առևտրի գոտի. ո՞րն է ավելի ձեռնտու: Պարզաբանում է փորձագետ Վահագն Ղազարյանը

Հայաստանում չեն դադարում քննարկումները մեր երկրի` Մաքսային Միությանն անդամակցելու վերաբերյալ: Բոլորը հասկանում են, որ սեպտեմբերի երեքին Մոսկվայում Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունը նախևառաջ քաղաքական բնույթ էր կրում: Սակայն ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուց հրաժարումը և Մաքսային Միությանը միանալը հանգեցնելու է որոշակի տնտեսական հետևանքների, որոնք իրենց մաշկի վրա զգալու են Հայաստանի քաղաքացիները: Եթե մի կողմ դնենք հարցի քաղաքական կողմը, մնում է մի կարևոր հարցադրում. ո՞ր կառույցն էր ավելի խոստումնալից Հայաստանի համար տնտեսական զարգացման առումով` Մաքսային Միությունը թե ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին: Այդ խնդրի շուրջ զրուցում ենք անկախ փորձագետ Վահագն Ղազարյանի հետ:

Ակտիվիստների դեմ հարձակումների, ասոցացման պայմանագրի և մաքսային միության մասին. Միքայել Հովհաննիսյան

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկության մասին: Դրան հետևեցին արձագանքներ ԵՄ տարբեր օղակներից. որոշ արձագանքներ առավել կոշտ էին, որոշ արձագանքներ՝ համեմատաբար ավելի մեղմ, սակայն ընդհանուր իմաստն անկհայտ էր. մասնակցությունը Մաքսային միությանը անհամատեղելի է Ասոցացման պայմանագրի հետ, որի նախաստորագրումը պետք է տեղի ունենար նոյեմբերին: Քաղաքականության նման կտրուկ շրջադարձը, մեղմ ասած, տարակուսանք առաջացրեց հայ հասարակության մեջ: Բազմաթիվ հարցեր առաջացան մասնավորապես քաղաքացիական հասարակության այն հատվածի մոտ, որը մինչ այժմ ակտիվորեն մասնակցում էր եվրոպական ինտեգրման հետ կապված ծրագրերին և լուրջ հույսեր էր կապում նոյեմբերին ստորագրվելիք փաստաթղթերի հետ:

Արտաքին քաղաքական այս զարգացումների հետ համընկան քաղաքացիական ակտիվիստների հանդեպ բռնության մի քանի աղմկահարույց դեպքեր: Դրանցից ամենավերջինը տեղի ունեցավ սեպտեմբերի 5-ի գիշերը.  դաժան ծեծի ենթարկվեցին մեր կազմակերպության ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանը և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը: Հայկակը և Սուրենը հարձակումը կապում են իրենց քաղաքացիական ակտիվիզմի հետ, մասնավորապես Մաքսային միության ադամակցության դեմ տեղի ունեցած բողոքի ակցիաներին մասնակցության հետ: Այս հարձակմանը նախորդել էին նմանատիպ հարձակումներ մի շարք քաղաքացիական ակտիվիստների դեմ, որոնք մասնակցել էին քաղաքապետարանի մոտ և Կոմիտաս 5 հասցեում անցկացվող բողոքի ակցիաներին: Հարձակումները խիստ դատապարտող հայտարարություններով հանդես եկան մի շարք հայաստանյան կազմակերպություններ, ինչպես նաև միջազգային իրավապաշտպանները: Առայժմ այս հանցագործություններից որևէ մեկը բացահայտված չէ:

Այս ամենի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին զրուցում ենք  Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի “Եվրոպա” ծրագրի համակարգող Միքայել Հովհաննիսյանի հետ: