Ի՞նչ է տեղի ունեցել Եգիպտոսում, ինչու՞ Մուբարաքն այլևս բանտում չէ, և ինչու՞ են լարված Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերությունները. արաբագետ Հայկ Քոչարյան

Երբ 2011-ի հունվարին Եգիպտոսում տեղի ունեցավ հեղափոխություն, այն ամբողջ աշխարհի ուշադրության կետնրոնում էր: Բացառություն չէր նաև Հայաստանը. հայկական մամուլում և սոցիալական ցանցներում Եգիպտոսը ամենաքննարկվող թեմաներից էր, իսկ ընդդիմության կողմնակիցները Հայաստանի իշխանավորներին համեմատում էին Եգիպտոսի “գահընկեց” արված նախագահ Հոսնի Մուբարաքի հետ:

Այս օրերին ևս Եգիպտոսում տեղի են ունենում բուռն իրադարձություններ, որոնք ոմանց կարծիքով նշանավորեցին հակահեղափոխության հաղթանակ, ոմանց կարծիքով էլ` հեղափոխության մի նոր փուլ: Առաջին ժողովրդավարական ընտրությունների արդյունքում հաղթած նախագահի` Մուհամեդ Մորսիի և նրա “Մուսուլման եղբայրներ” կուսակցության դեմ լայն շարժում ծավալվեց, որը միավորում էր ամենատարբեր մարդկանց` երկու տարի առաջ Մուբարաքի դեմ պայքարը սկսած ազատական երիտասարդներից սկսած` մինչև Մուբարաքի նախկին կողմնակիցներ: Ինչպես և երկու տարի առաջ, իրադարձությունների ընթացքին խառնվեց եգիպտական բանակը, որն իշխանությունից հեռացրեց և ձերբակալեց գործող նախագահին: Սակայն, եթե 2011-ի հունվարին նախագահի հեռացումը թե՜ Եգիպտոսում, թե՜ աշխարհում ընկալվեց իբրև ժողովրդավարության հաղթանակ, այս անգամ իրավիճակն ավելի բարդ է. մի կողմից Մորսին և նրա “Մուսուլման Եղբայրներ” կուսակցությունը սկսել էին դրսևորել ավտորիտար վարչակարգին բնորոշ պահվածք, մյուս կողմից` Մորսին ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ էր, ավելին, Եգիպտոսի` ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին նախագահը: Հեղաշրջմանը հաջորդեցին Մորսիի կողմնակիցների զանգվածային բողոքները, որոնք ճնշվեցին ուժով, ընդ որում զոհերի քանակն արդեն իսկ գերազանցում է 2011-ի հունվարի հեղափոխության զոհերի քանակը: Եգիպտոսում տեղի ունեցող գործընթացները սկսեցին էլ ավելի ոչ միանշանակ ընկալվել, երբ բանտից ազատվեց նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, որն այժմ գտնվում է տնային կալանքի տակ:

Թերևս իրավիճակի այս բարդությունն էր պատճառը, որ Մուսուլման եղբայրների` իշխանությունից հեռացումը ոչ միանշանակ արձագանք առաջացրեց  աշխարհում, մասնավորապես Եվրոպայում և ԱՄՆ-ում: Սակայն, կա մի երկիր, որը միանշանակ դատապարտեց այն` Թուրքիան: Անցումնային կառավարության և Թուրքիայի միջև հարաբերությունները խիստ լարվեցին, և անգամ հայտնվեցին տեղեկություններ այն մասին, թե Եգիպտոսը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ լուրերը հետագայում հերքվեցին, սակայն դրանք հասցրեցին բավականին լայն արձագանք ստանալ հայկական սոցիալական ցանցերում և մամուլում:

Այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Եգիպտոսում, ինչու են ազատել Մուբարաքին և ինչու են լարված թուրք-եգիպտական հարաբերությունները զրուցեցինք արաբահետ Հայկ Քոչարյանի հետ:

Ի՞նչ է պահանջում “Վճարում ենք 100 դրամ” շարժումը. շարժման մասնակից Ռուզաննա Գրիգորյան

Չեն հանդարտվում կրքերը Երևանի քաղաքային տրանսպորտի շուրջ: Ակտիվիստները շարունակում են բողոքի ակցիաները քաղաքապետարանի առջև, ընդ որում արդեն իսկ գրանցվել են նաև բախումներ ոստիկանների հետ, որոնք սկսվեցին այն բանից հետո, երբ ակտիվիստները փորձեցին վրան տեղադրել քաղաքապետարանի շենքի առջև:

Միևնույն ժամանակ հանրությունը շարունակում է քննարկել քաղաքային տրանսպորտի խնդիրները: Քաղաքային իշխանությունը փորձում է հիմնավորել իր դիրքորոշումն` ասելով, որ առանց գնի բարձրացման հնարավոր չէ ունենալ քաղաքակիրթ տրանսպորտ: Քաղաքապետարանի քննադատները հակադարձում են, որ մինչ այժմ տրանսպորտի խնդիրների պատճառը եղել է ոչ թե գինը, այլ կառավարման արատավոր համակարգը. քաղաքի կյանքի կարևորագույն ոլորտներից մեկը հանձնված է մի խումբ մասնավոր գործարարների (որոնցից ոմանք նաև պաշտոնյաներ են), որոնց հանդեպ գրեթե գոյություն չունի հանրային վերահսկողություն: Արդյունքում “գծատերերը”, որոնք պնդում են, որ “աշխատում են վնասով”, ունեն գերշահույթ ստանալու հնարավորություն, իսկ քաղաքային տրանսպորտի ոլորտում որևէ դրական զարգացում գրեթե չի նկատվում:

Արդյո՞ք  “վճարում ենք 100 դրամ” շարժումը կկարողանա ինչ-որ բան փոխել այդ ոլորտում: Շարժման նպատակների մասին զրոցեցինք շարժման ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանի հետ: