Հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական ակտիվիստների համագործակցության մասին. քաղաքացիական ակտիվիստ Արայիկ Հարությունյան

Մի քանի տարի առաջ Հայաստանում սկսվեց քացաքացիական ակտիվիզմի վերելք: Թեղուտ, Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճ, Մաշտոցի Այգի, «Բանակն Իրականում», «Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնություն. ահա մի քանիսն այն քաղաքացիական նախաեռնություններից, որոնց ականատեսը դարձանք վերջին տարիներին: Իհարկե, նման քաղաքացիական նախաձեռնություններ կային նաև նախկինում, ինչպես օրինակ «Սկսել ա» հայտնի նախաձեռնությունը 2000-ականներին, սակայն քաղաքացիական նախաձեռնությունների համար սկզբունքորեն նոր հնարավորություններ բացվեցին վերջին տարիներին` ինտերնետային սոցիալական ցանցերի/նոր մեդիայի առաջընթացի հետ կապված: Այսօր այս քաղաքացիական նախաձեռնությունները դարձել են հայաստանյան քաղաքացիական հասարակության կարևոր բաղադրիչը: Սակայն, մինչ այժմ գոյություն ունի որոշակի հեռավորություն այս ոչ-ֆորմալ նախաձեռնությունների և քաղաքացիական հասարակության ավելի ինստիտուցիոնալ բաղադրիչի` հասարակական կազմակերպությունների միջև: Ճիշտ է, որոշ հարցերի շուրջ առկա է համագործակցություն, սակայն այն դեռևս չի ստացել համակարգային բնույթ, իսկ որոշ դեպքերում կարելի է անգամ նկատել որոշակի մրցակցություն և չհասկացվածություն: Արդյո՞ք մեզ անհրաժեշտ է համագործակցություն ՀԿ-երի և ոչ-ֆորմալ ակտիվիստական նախաձեռնությունների միջև և ի՞նչպիսի հեռանկարներ ունի այն մեր երկրում:

«Ավանդական» հասարակական կազմակերպությունների և ոչ-ֆորմալ քաղաքացիական նախաձեռնությունների համագործակցության մասին զրուցում ենք քաղաքացիական ակտիվիստ Արայիկ Հարությունյանի հետ:

Մեդիա փորձագետ Յուրի Կազակովը նոր մեդիայի և լրագրողական էթիկայի մասին

Զարգացած երկրներում մեդիա դաշտի ձևավորման վրա ազդող կարևոր գործոն է ԶԼՄ-երի ինքնակարգավորման համակարգը, այսինքն այն գործիքները, որոնց միջոցով մեդիա համայնքը վերահսկում է լրագրողական էթիկայի սկզբունքների իրականացումը: Ինքնակարգավորման համակարգի բացակայության դեպքում նրա այլընտրանքը պետական վերահսկողությունն է , ինչը կարող է լուրջ մարտահրավեր դառնալ խոսքի ազատության համար, հատկապես ետխորհրդային երկրներում, որտեղ խորհրդային տարիներին գրաքննությունը համարվում էր պետության գործառույթներից մեկը: Այս իսկ պատճառով թե՛ Հայաստանում, թե՛ ետխորհրդային մյուս երկրներում սուր է դրված ԶԼՄ-երի ինքնակարգավորման համակարգի անհրաժեշտության խնդիրը:

ԵՄԱ նախաձեռնությամբ Հայաստանում բավականին շատ աշխատանք է տարվել այդ ուղղությամբ, մշակվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնը և ստեղծվել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին, որը քննում է քաղաքացիների բողոքները ԶԼՄ-երի վերաբերյալ: Սակայն, այսօր առաջանում են նոր մարտահրավերներ. զարգանում են սոցիալական ցանցերը, բլոգերը, մի խոսքով նոր մեդիան. արդյո՞ք այստեղ գործում են ինքնակարգավորման նորմերը: Սա հատկապես արդիական խնդիր է Հայաստանի համար, որտեղ նոր մեդիան լրջորեն մրցակցում է ավանդական ԶԼՄ-երի հետ, և, հասարակության ոչ բազմաքանակ, բայց բավականին ակտիվ մասի համար, կարծես թե, դարձել է տեղեկատվության հիմնական աղբյուրը:

Նոր մեդիայում ինքնակարգավորման համակարգի և լրագրողական էթիկայի խնդիրների մասին զրուցում ենք ռուսաստանցի մեդիա փորձագետ Յուրի Կազակովի հետ:

Ընտրակեղծիքները և դիտորդները. փաստաբան Տիգրան Եգորյանը “Քաղաքացի դիտորդ” նախաձեռնության մասին

Մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններով ավարտվեց հերթական ընտրական շրջանը Հայաստանում: Բացասական երևույթներով հանդերձ, որոնց մասին շատ է խոսվում, այդ ընտրություններում արձանագրվեց նաև դրական միտում՝ բազմաթիվ կամավորների մասնակցությունը որպես անկախ դիտորդներ:

Նրանցից շատերը միավորվել էին “Քաղաքացի դիտորդ” նախաձեռնության շրջանակներում, ընդ որում նրանց թվում կային թե՛ ՀՀ քաղաքացիներ, թե՛ Հայաստանում բնակվող սփյուռքահայեր և օտարերկրացիներ: Հենց նրանց շնորհիվ էր, որ գրանցվեցին բազմաթիվ խախտումներ, իսկ որոշ խախտումների մասին պատմող տեսանյութերը հայտնվեցին համացանցում և հասանելի դարձան հասարակության համար: Եթե այս միտումն արմատավորվի, հաջորդ ընտրություններում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող դիտորդները կարող են դառնալ լուրջ գործոն:

Այս ամենի մասին զրուցում ենք փաստաբան, “Իրավունքի Եվրոպա միավորում” ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հետ:

Եթե գրում ես որևէ երկրի մասին, պետք է հասկանաս ինչ ես գրում. ռուս լրագրող Անդրեյ Կոլեսնիկովը լրագրողական էթիկայի և Ռուսաստանում ԱՊՀ երկրների լուսաբանման մասին

Անցյալ տարվա աշնանը Հայաստանում բավականին լայն տարածում ստացավ ռուս հրապարակախոս Միխայիլ Լեոնտյեվի մի հոդված Հայաստանի մասին, որը լի էր ոչ կոռեկտ և վիրավորական արտահայտություններով: Միայն հոդվածի վերնագիրն արդեն բավականին խոսուն է` “Հայաստանն իր ներկայիս տեսքով առաջացել է Ռուսաստանի շնորհիվ”: Հոդվածը բավականին շատ աղմուկ հանեց Հայաստանում և նորից առիթ դարձավ այսպես կոչված եվրասիական ինտեգրման թեման քննարկելու համար:

Ռուսաստանում թերևս այս հոդվածն աննկատ անցավ: Նախ, Լեոնտյեվի հոդվածը հրապարակվեց իր իսկ սեփական կայքում, որը  համեմատաբար քչերին է հետաքրքիր, և, բացի այդ, նա այսպես կոչված “կայսերական-դերժավնիկական” թևի ներկայացուցիչ է, որից դժվար է սպասել կոռեկտ վերաբերմունք նախկին խորհրդային հանրապետությունների հանդեպ: Սակայն, երբեմն ոչ այնքան կոռեկտ արտահայտություններ նախկին խորհրդային հանրապետությունների ժողովրդների հասցեին կարելի է լսել նաև ազատական հայացքներ ունեցող ռուսաստանցի լրագրողներից: Այսպես, ՈՒկրաինայում մեծ աղմուկ հանեցին Վլադիմիր Պոզների ոչ հարգալից արտահայտությունները ուկրաինացիների հասցեին. լրագրողը մասնավորապես ասել էր, որ ստալինյան ճամբարների վերակացուների մեջ շատ էին ուկրաինացիները: Նման իրավիճակում հայտնվեց ռուս հեռուստահաղորդավար Իվան ՈՒրգանտը, որն իր “Սմակ” հաղորդման ժամանակ անհաջող կատակ էր արել ուկրաինական գյուղի բնակինչերին կոտորող կարմիր կոմիսարների մասին:  Հաճախ նման իրավիճակներ առաջանում են սոցիալական ցանցերում. այսպես “Կոմերսանտ” թերթի լրագրող Գրիգորի Րեվզինը, որին փողոցում ծեծել էին կովկասցու արտաքինով անհայտ մարդիկ, այդ դեպքից հետո գրել էր ֆեյսբուքում, որ իրեն ծեծել են “ինչ-որ խաչեր”: Թվիթերում այս արտահայտության համար նրան քննադատեց հայազգի ռեժիսոր Տիգրան Քյոսայանը, ինչից հետո ծավալվեց հետաքրքիր վիճաբանություն` Ռուսաստանում հայտնի լրագրողների մասնակցությամբ, ի վերջո, Րեվզինը ներողություն խնդրեց իր խոսքերի համար:

Այս ամենը լրագրողական էթիկայի ոլորտից կարևոր հարցի մի մասն է. ինչպես պետք է արտահայտվի լրագրողը, երբ գրում է մեկ այլ երկրի կամ ժողովրդի մասին, իմանալով, որ իրեն կարող են կարդալ այդ երկրում: Այս հարցը Հայաստանի դեպքում ևս բավականին արդիական է. չէ որ, մեր լրատվամիջոցներին հետևում են Ադրբեջանում, և որոշ չափով նաև Վրաստանում, մենք էլ հետևում ենք նրանց լրատվամիջոցներին: Այլ երկրի կամ ժողովրդի մասին գրելիս գործող լրագրողական էթիկայի նորմերի մասին զրուցում ենք ռուս լրագրող, “Նովայա Գազետա” թերթի սյունակագիր Անդրեյ Կոլեսնիկովի հետ, ով մի քանի օր առաջ գտնվում էր Հայաստանում և դասախոսություններ էր կարդում Ռուս-հայկական “Սլավոնական” համալսարանում: