Երևանի օդի, ջրի և մյուս բնապահպանական խնդիրների մասին. բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյան

Ցանկացած մեծ քաղաք ունի բնապահպանական խնդիրներ: Երևանը, բնականաբար, բացառություն չե: Ավելին, Երևանի դեպքում որոշ բնապահպանական խդնիրներ ավելի սուր են արտահայտված, քանի որ մեր քաղաքը գտնվում է կիսաանապատային գոտում: Բնապահպանական իրավիճակի բարելավմանը, մեղմ ասած, չի նպաստում այն հանգամանքը, որ Երևանում է ապրում Հայաստանի բնակչության մեկ երրորդից ավելին, և այստեղ են կենտրոնացված պետական մարմինները, բուհերը, բիզնեսը: Այս ամենին գումարվում են այն կասկածելի լուծումները, որոնք տարիների ընթացքում կիրառվել են իշխանությունների կողմից` Երևանի զարգացման շատ խնդիրների հետ կապված (տրանսպորտ, կանաչ տարածքներ, կառուցապատում և այլն):

Այս ամենի հետևանքով Երևանում առկա են լուրջ բնապահպանական խնդիրներ, և Երևանի ավագանու ընտրությունը ևս մեկ հնարավորություն է բարձրաձայնելու այս ամենի մասին: Վիդեո-բլոգի այս թողարկման մեջ մենք զրուցում ենք Երևանի բնապահպանական խնդիրների մասին` բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանի հետ:

Advertisements

Հայաստանը պետք է լինի եվրոպական երկիր. ռուս քաղաքական գործիչ Լեոնիդ Գոզմանը եվրասիական ինտեգրման և զարգացման եվրոպական ճանապարհի մասին

Այսօր Հայաստանում պարբերաբար քննարկման առարկա է դառնում այսպես կոչված եվրասիական ինտեգրման թեման. արդյո՞ք պետք է միանալ Եվրասիական միությանը կամ  նմանատիպ այլ կառույցների: Ընդ որում, պարբերաբար հնչում է այն միտքը, որ այսպես կոչված եվրասիական ինտեգրումն, ամենայն հավանականությամբ, նշանակում է ԽՍՀՄ վերստեղծում` բնականաբար նոր ձևաչափով, բայց Ռուսաստանի ղեկավարությամբ: Ոմանք, ոգեշնչված խորհրդային տարիների կարոտախտով, այդ հեռանկարին այնքան էլ դեմ չեն, իսկ մյուսներն էլ դրանում տեսնում են Հայաստանի անկախությանը սպառնացող վտանգ:

Սակայն,  քչերն են խոսում այն մասին, թե որքանով լուրջ են այս գաղափարներն ընկալվում հենց իրենց՝ ռուսաստանցիների կողմից: Իհարկե, Ռուսաստանում ընդունված է ԽՍՀՄ փլուզումը համարել Վ. Պուտինի խոսքերով “դարի մեծագույն աշխարհաքաղաքական աղետ”: Սակայն, մի բան է ԽՍՀՄ տարիներն ափսոսանքով հիշելը, մեկ այլ բան՝ պատրաստ լինել պայքարել կայսրությունը վերականգնելու համար՝ հաշվի առնելով բոլոր այն զոհողությունները, որոնք կպահանջվեն այդ նպատակի իրագործման համար: Արդյո՞ք ռուսաստանցիները պատրաստ են վճարել այն գինը՝ բառացի և փոխաբերական իմաստով, որը հարկ կլինի վճարել Խորհրդային Միության վերականգնման համար: Չե՞ որ այսօր շատ ռուսաստանցիներ  անգամ պատրաստ չեն հանդուրժել իրենց քաղաքներում նախկին խորհրդային երկրներից ներգաղթողների ներկայությունը. այդ պարագայում ինչպե՞ս են նրանք պատկերացնում  ինտեգրումը նույն այդ երկրների հետ եվրասիական նախագծի շրջանակներում: Եվ ինչպե՞ս պետք է այս բարդ իրավիճակում կողմնորոշվի Հայաստանը:

Այս ամենի մասին զրուցել ենք հայտնի ռուս քաղաքական գործիչ Լեոնիդ Գոզմանի հետ:

Ազատվել “ոչխարի պես մորթվել ենք” կաղապարից. ազգագրագետ Հարություն Մարությանը` Հայոց Ցեղասպանության մասին

Հայտնի է, որ հայերի համար պատմությունը նաև ներկայի կարևոր բաղադրիչ է: Առավել ևս դա վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Ցեղասպանության վերաբերյալ հավաքական հիշողությունը հայ ազգային ինքնության կարևոր մասնիկ է Հայաստանում, առավել ևս Սփյուռքում: Ցեղասպանության մասին այնքան շատ է խոսվել և գրվել, որ թվում է, թե դժվար է որևէ նոր բան ասել այդ ողբերգության մասին: Սակայն, իրականում, դեռևս կան բազմաթիվ հարցեր՝ կապված 1915 թվականի հետ, որոնց մեր հասարակությունը դեռևս չի կարողացել հստակ պատասխաններ գտնել: Այսպես, ի՞նչու հնարավոր դարձավ Ցեղասպանությունը: Արդյո՞ք հնարավոր էր նրանից խուսափել, մասնավորապես, արդյո՞ք հնարավոր էր ավելի արդյունավետ դիմադրություն ցույց տալ ջարդարարներին: Ինչպե՞ս հիշել Ցեղասպանությունը և հարգել զոհերի հիշատակը, ինչպե՞ս ներկայացնել Ցեղասպանության պատմությունը երիտասարդ սերնդին, որ դա չհանգեցնի զոհի կամ թերարժեքության բարդույթի առաջացմանը և այլ անցանկալի հոգեբանական երևույթների:

Անշուշտ այս հարցերին միանշանակ պատասխաններ դեռևս չկան, և այս հարցերի մասին խոսելը հաճախ կարող է դժվար լինել: Այնուամենայնիվ այս ամենի մասին անհրաժեշտ է խոսել: Մեր վիդեոբլոգի այս թողարկման մեջ Հայոց ցեղասպանության շուրջ մեր հասարակության մեջ առկա ընկալումների մասին զրուցում ենք ազգագրագետ Հարություն Մարությանի հետ:

Վահան Մովսիսյան. Երևանի ավագանու ընտրություններ, քաղաքական թե՞ վարչական գործըթաց:

Երևանի  ավագանու ընտրությունը քաղաքական, թե՞ զուտ վարչական կամ կենցաղային բնույթի գործընթաց է: Այսօր տեղի ունեցող բանավեճերում այդ հարցին տրվող պատասխանը սովորաբար կախված է քաղաքական դիրքորոշումից: Ընդդիմության կողմնակիցները դիտարկում են Երևանում կայանալիք ընտրությունները նախևառաջ քաղաքական հարթության մեջ. որոշ ուժերի համար դրանք նախագահական ընտրությունների շարունակությունն են, այլ, նախագահական ընտրություններին չմասնակցած, քաղաքական ուժերի համար`  այսպես ասած “զրոյից սկսելու” կամ քաղաքական դաշտում դիրքերը վերականգնելու հնարավորություն: Ակնհայտ է, որ ընդդիմադիրներն ընկալում են Երևանի ընտրությունները որպես որոշակի փուլ` ամբողջ երկրում իշխանափոխություն իրականացնելուն ուղղված պայքարի շրջանակներում: Իշխանամետ ուժերի շատ ներկայացուցիչներ, ընդակառակը, փորձում են անել ամեն ինչ, որ կայանալիք ընտրություններն ընկալվեն զուտ կենցաղային հարթության մեջ և համոզում են երևանցիներին, որ այս ընտրություններով ընդամենը լուծվում են, ենթադրենք, ասֆալտապատումը կամ աղբահանությունն ավելի լավ կազմակերպելու հարցերը:

Իսկ ի՞նչ են կարծում այս ամենի մասին տեղական ինքնակառավարման ոլորտի փորձագետները: Այդ մասին զրուցեցինք Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ նախագահ Վահամ Մովսիսյանի հետ:

Սևադա Պետրոսյան. Երևանի գլխավոր հատակագծի, զարգացման հայեցակարգի և քաղաքաշինական այլ խնդիրների մասին

Ավագանու ընտրությունների նախաշեմին դարձյալ սուր քննարկումների առարկա են դարձել Երևանի քաղաքաշինական խնդիրները: Մինչ իշխող քաղաքական ուժը խոստանում է “ավելի լավ Երևան”, ընդդիմադիր ուժերը քննադատում են վերջին տարիների ընթացքում իրականացվող քաղաքաշինական քաղաքականությունը: Քաղաքաշինության խնդիրներով մտահոգ մասնագետներն ու քաղաքացիական ակտիվիստներն էլ հետևում են այս բանավեճին և փորձում են օգտագործել ներկայիս նախընտրական իրավիճակը և հանրության ուշադրությունը հրավիրել Երևանի առջև կանգնած առավել սուր խնդիրներին:

Վերջին տարիներին մենք ականատես դարձանք  այս կամ այն կասկածելի քաղաքաշինական նախագծի հետ կապված բուռն քննարկումների, որոնք հաճախ վերածվում են քաղաքացիական շարժումների: Երբեմն ակտիվիստներին հաջողվում է կասեցնել այդպիսի նախագծերի իրականացումը, ինչպես Մոսկվա կինոթատրոնի և Մաշտոցի այգու դեպքում, որոշ դեպքերում էլ վիճելի քաղաքաշինական նախագծերն իրականացվում են, ինչն, ակտիվիստների կարծիքով, անդառնալի վնաս է հասցնում քաղաքին: Մեր վիդեո-բլոգի այս թողարկման մեջ զրուցում ենք Երևանի քաղաքաշինական խնդիրների մասին՝ այդ նախաձեռնություններից մի քանիսի ակտիվ մասնակից, ճարտարապետ Սևադա Պետրոսյանի հետ:

Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ ապրիլի 9-ին. Արսեն Խառատյան և Վահե Բոյաջյան

Երևանը երեկվա ընթացքում տեսավ երկու երդմնակալություն, միտինգներ, երթեր, պարեր, բախումներ, բանակցություններ, ձերբակալություններ, ծեծ, և, անգամ, Րաֆֆի Հովհաննիսյանի և Վլադիմիր Գասպարյանի համատեղ աղոթքը Ծիծեռնակաբերդում:

Թերևս, մեզ դեռևս երկար ժամանակ կպահանջվի` հասկանալու համար, թե, ի վերջո, ինչ տեղի ունեցավ ապրիլի 9-ին, և ինչ ազդեցություն այդ ամենը կունենա Հայաստանում քաղաքական գործընթացների վրա: Այնուամենայնիվ, մեր վիդեո-բլոգի այս թողարկման մեջ կփորձենք ավելի լավ հասկանալ երեկվա իրադարձությունները. իրենց տպավորություններով կիսվում են կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը և արևելագետ, ՀԱԿ-ի անդամ Վահե Բոյաջյանը:

Երևանի երթևեկության, էստակադաների և երևանյան վարորդների դաժան առօրյայի մասին

Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ երթևեկությունից գանգատվելը մեքենա վարելու կարևոր բաղադրիչներից մեկն է, համենայն դեպս Երևանում: Երթևեկությունից գանգատվում են բոլորը՝ հետիոտներից մինչև փորձառու վարորդներ, ավտոբուսների վարորդներից մինչև տաքսիստներ: Աշխատանքային օրվա սկզբում և վերջում, ինչպես նաև մեծ տոների նախօրյակին որոշ փողոցներ պարզապես անանցանելի են դառնում: Եվ սա չնայած նրան, որ Երևանը դժվար է համեմատել համաշխարհային մեգապոլիսների հետ, քանի որ մեքենաների քանակն այստեղ անհամեմատ ավելի փոքր է, և, թվում է, երթևեկության ոլորտում լուրջ խնդիրներ չպետք է որ ստեղծվեին:

Բայց, գուցե՞ այս ամենը մեր սուբյեկտիվ տպավորությունն է, իսկ երթևեկությունից գանգատվելը պարզապես վարորդների շրջանում ընդունված մի յուրահատուկ ավանդույթ է, ինչպես օրինակ, նարդիի սիրահարների շրջանում՝ խաղալիս սեփական խաղային հմտությունները փառաբանելը: Քաղաքային երթևեկության փորձագետ, “Սիստեմա” գիտա-արտադրական կոոպերատիվի տնօրեն Ալեքսանդր Սահակյանն այդպես չի կարծում: Նա գտնում է, որ երթևեկությունը Երևանում այժմ բավականին անմխիթար վիճակում է, որը նաև վատթարանալու միտում ունի, և դրա պատճառը ոչ ադեկվատ կառավարումն է: Ավելին, փորձագետի կարծիքով, հաճախ այն միջոցները, որոնք պետք է որ օգնեին խնդիրները լուծելուն, ընդհակառակն, ավելի են բարդացնում իրավիճակը: