Հավատանք, թե՞ չէ. Գայանե Ղազարյանը սոցիոլոգիական հարցումների և ընտրությունների մասին

Ժողովրդավարական երկրներում սոցիոլոգիական հարցումը կարևորագույն գործիք է, որը թույլ է տալիս հասկանալ հասարակության տրամադրությունները, և, մասնավորապես, թույլ է տալիս զգալի ճշգրտությամբ կանխատեսել ընտրությունների արդյունքները: Հայաստանում ևս ընտրությունների նախօրեին հրապարակվում են սոցիոլոգիական հարցումների տվյալներ, որոնք, որպես կանոն, կանխատեսում են այս կամ այն իշխանամետ քաղաքական ուժի հաղթանակը: Ընդդիմադիրները սովորաբար այդ հարցումների արդյունքները չեն ընդունում, բայց հետագայում ընտրությունների պաշտոնական արդյունքները, կարծես թե, հաստատում են հարցումների տվյալները: Սակայն, ընդդիմադիրներն ընտրություններից հետո էլ շարունակում են չընդունել հարցումների արդյունքները, իսկ այն որ հարցումների կանխատեսումները և ԿԸՀ-ի թվերը շատ թե քիչ համընկնում են, բացատրում են նրանով, որ այդ հարցումների տվյալները ևս կեղծվում են, ճիշտ այնպես, ինչպես, իրենց կարծիքով, կեղծվում են ընտրությունները:

Իրականում, թերևս, խնդիրն ավելի բարդ է: Անգամ, եթե մի կողմ դնենք հարցումների բարեխղճության հարցը, խիստ կասկածելի է, թե որքանով են հարցումներն ի զորու արտացոլել քաղաքացիների իրական տրամադրությունները Հայաստանի նման մի երկրում, որը չունի կայացած ժողովրդավարական քաղաքական համակարգ: Երբ չկա վստահություն սոցոիլոգի նկատմամբ և շատերը հրաժարվում են պատասխանել սոցիոլոգի հարցերին, անգամ ամենաբարեխիղճ հարցման արդյունքները կարող են դրվել կասկածի տակ: Հարց է առաջանում. ինչպե՞ս այդ դեպքում իմանալ մարդկանց իրական տրամադրությունները: Այս ամենի շուրջ զրուցեցինք սոցիոլոգ Գայանե Ղազարյանի հետ:

Եկեղեցին և ետընտրական զարգացումները. Հովհաննես Հովհաննիսյան և Արա Գալոյան

Այս տարվա հետընտրական գործընթացների առնչությամբ կրկին սկսեց ակտիվորեն քննարկվել Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը մեր հասարակության կյանքում, մասնավորապես քաղաքական գործընթացներում: Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը` չմասնակցել Սերժ Սարգսյանի եդրմնակալության արարողությանը և դրան հետևած եկեղեցու արձագանքը ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը բևեռեցին այն հարցին, արդյոք եկեղեցին պետք է ունենա դերակատարություն երկրի քաղաքական կյանքում, և, եթե այո, ինչպիսին պետք է լինի այդ դերակատարությունը:

Եկեղեցու քաղաքական դերակատարության խնդիրը բավականին նուրբ և բազմաշերտ է: Արդյո՞ք եկեղեցին պետք է իր դիրքորոշումն արտահայտի վիճելի ընտությունների և հետընտրական գործընթացների վերաբերյալ: Ճիշտ է արդյո՞ք եկեղեցու մասնակցությունը նախագահի երդմնակալության արարողությանը: Ինչպիսի՞ն պետք է լինեն եկեղեցու հարաբերությունները պետական իշխանության հետ: Այս հարցերի շուրջ իրենց տեսակետները ներկայացնում են լրագրող Արա Գալոյանը և պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը:

Հացադուլն ընդդեմ քյաբաբի կուռքի. Դավիթ Հովհաննիսյանը հացադուլի մասին

Վերջին օրերին մեր հասարակության մեջ քննարկվող ամենաթեժ թեմաներից է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլը: Հացադուլի խնդիրը չի սահմանափակվում զուտ քաղաքական արդյունավետության հարցով. այն ունի նաև բարոյական, մշակութային, անգամ կրոնական տեսանկյուններ: Հացադուլ հայտարարելով Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է հետընտրական գործընթացները տեղափոխել քաղաքականից բարոյական դաշտ:  Հացադուլի հաջողությունը` որպես պայքարի ձև կախված է հենց նրանից, թե որքանով կընկալվի այդ քայլը և ինչ արձագանք կստանա այդ քայլը հասարակության կողմից, ինչն իր հերթին զգալի չափով կախված է հասարակության մշակութային առանձնահատկություններից:

Հացադուլը որպես պայքարի միջոց հայտնի է բավականին վաղուց և այն տարբեր առանձնահատկություններ է ունեցել տարբեր մշակութային միջավայրերում: Դեռևս մեր դարի առաջին տասնամյակներին այդ միջոցին դիմում էին իռլանդացի հանրապետականները Մեծ Բրիտանիայում և կանանց ընտրական իրավունքի կողմնակիցները ԱՄՆ-ում: Որպես քաղաքական պայքարի միջոց հացադուլը թերևս ամենահաճախ կապվում է Հնդկաստանի ազգային շարժման առաջնորդ և “Սաթյագրահայի” (ոչ բռնի դիմադրության) ուսմունքի հիմնադիր Մահաթմա Գանդիի անվան հետ: Իռլանդացի հանրապետականների վերջին և ամենհայտնի հացադուլը, որի արդյունքում տաս հացադուլավոր մահացան, տեղի ունեցավ “երկաթե տիկին” Մարգարեթ Թետչերի օրոք, երբ հացադուլ էին անում “Իռլանդական հեղափոխական բանակի” ձերբակալված անդամները: Ընդ որում հացադուլավորներից Բոբի Սենդզը, հացադուլի ընթացքում անգամ ընտրվեց բրիտանական խորհրդարանի անդամ, բայց մահացավ` չհասցնելով մուտք գործել խորհրդարան: Հացադուլը որպես պայքարի միջոց բավականին հաճախ էր օգտագործվում նաև ԽՍՀՄ-ում, այլախոհական շարժման ներկայացուցիչների կողմից: Ետխորհրդային քաղաքական գործիչներից անցյալ տարի այդ քայլին դիմեց  ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, սակայն, կարծես թե, հաջողության չհասավ:

Հացադուլի քաղաքական և մշակութային տեսանկյունների մասին զրուցեցինք ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանի հետ:

Ինչպես ընտրեց Գյումրին. մեկնաբանում է Լևոն Բարսեղյանը

Ընտրությունները ետխորհրդային երկրների մեծ մասում սովորաբար ավարտվում են իշխող կուսակցությունների կամ իշխող կուսակցության թեկնածուների հաղթանակներով: Այս առումով Հայաստանը ևս բացառություն չե. անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել որևէ դեպք, երբ տվյալ պահին իշխող ուժը ներկայացնող թեկնածուն պարտվի նախագահական ընտրություններում, համենայն դեպս պաշտոնական տվյալներով: Սակայն, ի տարբերություն մի շարք ետխորհրդային երկրների, Հայաստանում ավանդաբար ընդդիմադիրները վատ արդյունքներ չեն ունեցել քաղաքներում, անգամ պաշտոնական արդյունքների համաձայն:

2013-ի ընտրություններում, թվում էր, արդեն իսկ արդյունքները կանխորոշված են, քանի որ մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք կարող էին քաղաքներում շատ ձայներ հավաքել, չէին մասնակցում ընտրություններին: Սակայն, Հայաստանի քաղաքները ևս մեկ անգամ անակնկալ մատուցեցին. ընդդիմությունը հաղթեց Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Էջմիածինում, Նոյեմբերյանում և այլ քաղաքներում: Այսպես,Գյումրիում ընդդիմության թեկնածուն ստացավ ձայների 70 %-ից ավելին: Այն մասին, թե ինչպես անցան ընտրությունները Գյումիրում և ինչով է բացատրվում ընդդիմության ստացած ձայների բարձր քանակը, զրուցեցինք “Ասպարեզ” լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ:

Կրկնել ութսունութը կամ ցույցը որպես տոն. բողոքի ակցիաները ազգագրագետի աչքերով

Անկախ Հայաստանի քաղաքական կյանքում զանգվածային բողոքի ակցիաները` ցույցերը, միտինգները, երթերը, միշտ էլ ունեցել են կարևոր տեղ. ի վերջո, անկախ Հայաստանի ստեղծման գործընթացը սկսվեց Ազատության հրապարակից: 1988-ի շարժումը սկիզբ դրեց մի ավանդույթի, որը շարունակվեց անկախ Հայաստանում: Իհարկե, Հայաստանի քաղաքական էլիտաները փորձում են քաղաքականությունը փողոցից տեղափոխել կաբինետներ (ինչպես նաև սրճարաններ, սաունաներ և քյաբաբնոցներ): Բայց, պարբերաբար, երբ թվում է, որ բոլոր կարևոր հարցերն արդեն լուծված են գաղտնի գործարքների և ինտրիգների միջոցով, Հայաստանի քաղաքացիները դուրս են գալիս հրապարակ և հիշեցնում, որ, ոչ ոք չի կարող որոշել երկրի ճակատագիրն առանց իրենց կարծիքը հաշվի առնելու:

Տարիների ընթացքում Հայաստանում ձևավորվել է բողոքի շարժման յուրահատուկ մշակույթ, որի ուսումնասիրությամբ զբաղվում են ոչ միայն քաղաքագետներն ու սոցիոլոգները, այլև ազգագրագետները: Դեռևս 1988-ին ազգագրագետներ Լևոն Աբրահամյանը և Հարություն Մարությանը սկսեցին ղարաբաղյան շարժման ուսումնասիրությունն ազգագրական տեսակյունից, մի բան, որ այն ժամանակ թերևս նույնքան հեղափոխական էր, ինչքան հենց այն շարժումը, որը նրանք ուսումնասիրում էին: Աբրահամյանը նկատեց, որ այն ինչ կատարվում էր հրապարակներում և փողոցներում, խորքային նմանություն ունի արխայիկ տոնի կամ միջնադարյան կարնավալի հետ: Ինչպես գիտեն ազգագրագետները, տոնը շատ կարևոր դեր է խաղում հասարակության կյանքում. այն ժամանակավորապես վերացնում է հասարակության մեջ եղած բաժանումներն ու հակադրությունները, ձևափոխում է մարդկանց սովորական դերերը և վարքի կանոնները, և այս ամենի շնորհիվ միավորում հասարակությունը:

Ահա այս յուրահատուկ մթնոլորտն էր, որը տեսան հայ ազգագրագետները ութսունութի միտինգներում, և որը նրանց ստիպեց հիշել տոնի և կարնավալի մասին: Հետաքրքիր է, որ նրանցից միանգամայն անկախ, Լեհաստանում  ծավալված բողոքային շարժման մեջ կարնավալային տարրեր էր տեսել ամերիկացի հետազոտող Փադրայք Քեննին, որը հետագայում այդ ամենի մասին հրատարակեց գիրք «Հեղափոխության կարնավալ. Կենտրոնական Եվրոպա, 1989» անունով: Որքանո՞վ են մեր օրերի բողոքային ակցիաները նմանվում կամ տարբերվում ութսունութի շարժումից: Այս թեմայի շուրջ զրուցեցինք ազգագրագետ Գայանե Շագոյանի հետ: