Ադրբեջանցի իրավապաշտպան. ես ապշած էի, երբ տեսա, որ այրում են Այլիսլիի գրքերը

Մինչ Հայաստանում թեժանում են հետընտրական զարգացումները, հարևան Ադրբեջանում հարաբերական անդորր է: Այնտեղ հետևում են հայաստանյան ընտրություններին, նախապատրաստվում են հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին և քննարկում են ադրբեջանցի հայտնի գրող Աքրամ Այլիսլիի “Քարե երազներ” վիպակը:

Այս ստեղծագործության մեջ, որը վերջերս լույս տեսավ ռուսերեն “Դրուժբա նարոդով” պարբերականում, գրողն անդրադարձել է նաև հայկական ջարդերին, ինչը պայթած ռումբի էֆեկտ ունեցավ ադրբեջանական հասարակության մեջ: Այլիսլիին մեղադրեցին դավաճանության մեջ, նրան հեռացրեցին Արդբեջանի Գրողների միությունից, զրկեցին բոլոր պարգևներից, ընտանիքի անդամներին ազատեցին աշխատանքից, իսկ մի իշխանամետ քաղաքական գործիչ անգամ խոստացավ դրամական պարգև յոթանասունվեցամյա գրողի ականջը կտրելու համար: Այլիսլիի հանդեպ հալածանքներին արձագանքեցին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում Հյուման Րայթս ՈՒոթչը, իսկ ականջ կտրելու դիմաց խոստացված փրկագնի մասին պատմությունն տեղ գտավ համաշխարհային մամուլի էջերին

Այլիսլին, չնայած այս ամենին, սկզբունքայնորեն շարունակում է պաշտպանել իր դիրքորոշումը: Այսպես, մի հեռուստաբանավեճի ժամանակ, երբ իշխանամետ պատգամավոր Մուսա Գուլիևը նրան մեղադրեց, այսպես ասած, “հայերի ջրաղացին ջուր լցնելու” և “հայկական քարոզչությանը նպաստելու” մեջ, Այլիսլին հակադարձեց. “Հենց դուք եք դա անում, դուք ամեն օր հայհոյում եք հայերին, իսկ հետո շրջվում եք և ասում եք, որ մենք պետք է միասին ապրենք“:

Ադրբեջանում հայաստանյան ընտրությունների արձագանքների, երկրի ներքին քաղաքական վիճակի և Այլիսլիի գրքի մասին զրուցեցինք հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան, կոնֆլիկտաբան Ավազ Հասանովի հետ:

Անհնար է կառավարել անկառավարելին. նախագահական ընտրություններ Հայաստանում և Արցախում, համեմատության եզրեր

2013-ի նախագահական ընտրությունները, թվում էր, պետք է դառնային ամենականխատեսելի նախագահական ընտրությունները ՀՀ պատմության մեջ: Ընդդիմադիրները գտնում էին, որ  այս ընտրություններում չկա լուրջ մրցակցություն, և դրանք իրական ընտրական գործընթաց չեն, այլ ընդամնեը իմիտացիա: Իշխանության կողմնակիցներն, ընդհակառակը, պնդում էին, որ այս ընտրությունը դառնալու է ՀՀ պատմության լավագույն ընտրությունը, որի լեգիտիմությունը ոչ ոք չի կարողանա կասկածի տակ առնել: Եվ իհարկե ոչ ընդդիմադիրները, ոչ իշխանամետները, ոչ էլ անկախ փորձագետների մեծ մասը չէին սպասում, որ ընտրություններին կհետևեն բուռն հետընտրական գործընթացներ:

Մի՞թե ընտրությունների արդյունքները և  հետընտրական գործընթացներն այդքան անսպասելի էին: Գուցե՞ այս ամենը կարելի էր կանխատեսել, եթե, օրինակ, հաշվի առնվեր Լեռնային Ղարաբաղի փորձը: Չե որ ամռանն այստեղ տեղի ունեցան նախագահական ընտրությոններ, որոնք աչքի ընկան ընդդիմության աննախադեպ միավորմամբ և ընդդիմադիր թեկնածուի  բարձր արդյունքով: Եվ այս ամենը` Լեռնային Ղարաբաղում, որտեղ գրեթե ոչ ոք չէր անկնալում, որ գործող իշխանությունը կարող է լուրջ մրցակից ունենալ:

Նախագահական ընտրությունների, մասնավորապես Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունների նմանությունների ու տարբերությունների մասին զրուցում են “Անալիտիկոն” վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը և ԵՄԱ ծրագրերի համակարգող Միքայել Զոլյանը:

Ներկա դրությամբ զղջալու և լրիվ ոնց որ սաղ խառնելու մասին. ի՞նչ է մեմը և ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ

Լրիվ ոնց որ խառնում ես սաղ“, “ներկա դրությամբ ես զղջում եմ“, “կրակոտ երիտասարդ“, “եկել ես լաց ես լինում, որ ինչ անես“, “Յա Գարեգին Նժդեհ“. միջին վիճակագրական հայաստանցուն կարող է թվալ, որ այս ամենն ինչ-որ զառանցանք է: Բայց սոցիալական ցանցների ակտիվ օգտատերերը գիտեն, որ սրանք “մեմեր” են:

Մեմը, ինչպես ասում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, տեղեկատվության մի հատված է, որը սկսում է ապրել սեփական կյանքով: Այն սկսում են մեջբերել, նկարներ պատրաստել դրա հետ կապված /սա կոչվում է “դեմոտիվատոր“/, վիդեոներ մոնտաժել, երաժշտական միքսեր ստեղծել և այլն: Բնականաբար, որպեսզի տեղեկատվության ինչ-որ մի հատված դառնա մեմ, այն պետք է նախ և առաջ զավեշտալի լինի, իսկ եթե խոսում ենք “քաղաքական մեմերի” մասին, ապա այն պետք է նաև որոշակի քաղաքական “մեսիջ” ունենա:

Ժողովդրավարական երկրներում քաղաքական գործիչները կամ իշխանությունները սովորաբար քիչ ուշադրություն են դարձնում մեմերի վրա, սակայն, օրինակ, ետխորհրդային տարածության մեջ դրանք կարող են բավականին լրջորեն անհանգստացնել իշխանություններին: Այսպես, Ռուսաստանում իշխանությունները փակեցին վիքիպեդիայի սկզբունքով գործող lurkmore մեմերի օնլայն հանրագիտարանը: Հայաստանում, ի դեպ, ևս կա նման օնլայն հանրագիտարան, որը  լրացվում է վիքիպեդիայի սկզբունքով, սակայն այն կարծես իշխանությունների ուշադրությանը դեռևս չի արժանացել:

Վիդեո բլոգի այս թողարկման մեջ Սամվել Մարտիրոսյանը և Միքայել Զոլյանը զրուցում են քաղաքական և մասնավորապես նախընտրական մեմերի և այն մասին, թե ինչպես են առաջանում մեմերը, ում է ձեռնտու դրանց առաջացումը և արդյոք դրանք ենթարկվում են գրաքննության:

Կույր պետք է լինել չնկատելու համար. կոնստրուկտիվ քննարկում ընտրությունների մասին

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հաճախ մեղադրում են, որ նրանք ամեն ինչ սև գույներով են ներկայացնում, թացը չորին են խառնում, միայն բացասականն են նկատում, անտեսում են, որ ժողովրդավարություն միանգամից կառուցել հնարավոր չե, և ընդհանրապես խարխլում են հիմքերը:

Մեր վիդեո-բլոգի այս թողարկման մեջ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ցույց են տալիս, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ևս ի վիճակի են կոնստրուկտիվ դաշտում քննարկումներ վարել: Թեման բնականաբար ընտրություններն են:

Մեր փորձագետները կտրականապես մերժում են ընտրությունների ոչ մրցակցային լինելու մասին պնդումները, դատապարտում են վստահության պակասը պետական ինստիտուտների հանդեպ, հիշեցնում են, որ Մոսկվան մեկ օրում չի կառուցվել  և հանդուրժողականության կոչ են անում:

Հ.Գ. Վիդեո բլոգի այս թողարկումը հումորային է, նրանում արտահայտված կարծիքները չեն համընկնում որևէ մեկի իրական տեսակետների հետ: