ԱլԳ երկրներից ո՞վ է ավելի մոտ Եվրոպային կամ ինչպե՞ս չափել եվրաինտեգրումը

Արդյո՞ք եվրոպական ինտեգրումը հնարավոր է չափել:

Մի խումբ ՀԿ-ներ մեր տարածաշրջանների տարբեր երկրներից փորձեցին դա անել, և արդյունքում ստեղծվեց մի փաստաթուղթ, որը կոչվում է Արևելյան Գործընկերության երկրների Եվրոպական ինտեգրման ինդեքս: Այս նախագիծը նախաձեռնել է ուկրաինական «Ռենեսանս» հիմնադրամը, Հայաստանում նրա գործընկերն է Երևանի մամուլի ակումբը:

Նախագծի հիմնական նպատակն է ստեղծել մի գործիք, որով հնարավոր կլինի տարեկան կտրվածքով հետևել ԱլԳ երկրների առաջընթացին՝ ԵՄ հետ հարաբերություններում:  Արդեն առկա են երկու տարեկան զեկույցներ, որոնցից առաջինը հրապարակվել է  2011թ. նոյեմբերին, իսկ մյուսը՝ 2012 թ. մայիսին:

Ինդեքս ինտերնետային տարբերակից կարելի է իմանալ, որ, օրինակ, լրատվամիջոցների և հավաքների ու միությունների ազատության մակարդակով Հայաստանը (ինդեքս՝ 0,54) հետ է մնում Վրաստանից (ինդեքս՝ 0,63), բայց  առաջ է Ադրբեջանից (ինդեքս՝ 0,29): Ավելին,  բոլոր կովկասյան երկրները ետ են մնում Մոլդովայից (ինդեքս՝ 0,71) և առաջ են Բելառուսից  (ինդեքս՝ 0,16), մինչդեռ Ուկրաինան մի փոքր առաջ է Հայաստանից, բայց հետ է Վրաստանից (ինդեքս՝ 0,54):

Ո՞ր ոլորտներում և ինչպե՞ս է չափվում ԱլԳ երկրների եվրոպական ինտեգրման մակարդակը:

Ո՞րն է հետազոտության մեթոդաբանությունը:

Ինչպիսի՞ն են անցյալ տարվա արդյունքները և ինչպե՞ս են դրանց արձագանքել երկրների կառավարությունները և քաղաքացիական հասարակությունները:

Այս հարցերի շուրջ զրուցում են ԵՄԱ ծրագրերի համակարգող Միքայել Զոլյանը և Ֆրանկֆուրտի (Օդեր) Վիադրինայի Եվրոպական համալսարանի,  համալսարանի հետազոտող Իրինա Սոլոնենկոն:

Advertisements

Բիձինա Իվանիշվիլիի, աբխազական երկաթուղու և ռուսամետության մասին

Օրերս Երևան այցելեց Վրաստանի նոր ղեկավար Բիձինա Իվանիշվիլին: Բացի յուրօրինակ թարգմանությունից, նրա այցելությունը աչքի ընկավ  հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ լավատեսական հայտարարություններով: Մասնավորապես, նա հասկացրեց, որ Վրաստանը շահագրգռված է աբխազական երկաթուղու վերաբացմամբ, ինչի համար նրան արդեն հասցրեց քննադատել Միխեիլ Սաակաշվիլին:

Իվանիշվիլիի այցելության և նոր իշխանությունների արտաքին քաղաքականության մասին զրուցեցինք վրացի փորձագետ, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի ծրագրերի համակարգող Մալխազ Սալդաձեի հետ:

Վրաստանի նոր իշխանությունների արտաքին քաղաքականության հարցի վերաբերյալ փորձագետը գտնում է, որ հիմնականում առայժմ շարունակվում է նախկին իշխանությունների արտաքին քաղաքականությունը: Թերևս միակ բացառությունը հյուսիսային, այսինքն ռուսական ուղղությունն է, սակայն այստեղ էլ առայժմ շատ բան պարզ չե: Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա որոշակի փորձ կատարվեց որոշակի ճշգրտումներ մտցնել Ադրբեջանի հետ հարաբերությունների մեջ, մասնավորապես գազի գնի և Կարս-Ախալքալաք երկաթուղու վերաբերյալ, սակայն, ինչպես վկայում են Իվանիշվիլիի՝ Բաքվում կատարված հայտարարությունները, վրացական իշխանություններ հրաժարվել են այդ մտադրություններից:

Ինչ վերաբերում է վրաց-ռուսական հետ հարաբերություններին, փորձագետի կարծիքով, դեռևս վաղ է խոսել Իվանիշվիլիի “ռուսամետության” մասին, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշության մասին արդեն վաղուց խոսում են Վրաստանի արևմտյան գործընկերները:

Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցի շուրջ, Մալխազ Սալդաձեն նշում է, որ այս թեման Իվանիշվիլիի քաղաքական ուժի կողմից ավելի լայն շոշափվում էր նախընտրական շրջանում, իսկ այժմ նրանց հայտարարությունները այս թեմայի շուրջ ավելի զգույշ են դարձել, քանի որ ակնհայտ է, որ այս խնդրի լուծումն անմիջապես կախված է այն զարգացումներից, որոնք կարող են տեղի ունենալ ռուս-վրացական հարաբերություններում:

Հայաստանի նորագույն պատմության, պատմության դասագրքերի և խորհրդային պատմագրության ավանդույթների մասին

Նախորդ նախագահական ընտրությունները նշանավորվեցին նրանով, որ ակտիվորեն սկսեց  քննարկվել Հայաստանի պատմության նորագույն շրջանը, մասնավորապես՝ 90-ական թվականները: Այս ընտրություններում ևս կարելի է սպասել նման բանավեճերի, քանի որ թեկնածուներից առնվազն մի քանիսը՝ Սերժ Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը իրենց քաղաքական կարիերան սկսել են հենց 90-ականների սկզբին, իսկ մեկ այլ  թեկնածու՝ Պարույր Հայրիկյանը, անգամ ավելի վաղ: Այս առումով վերջին 20 տարվա պատմության վերաբերյալ գիտելիքների թեման կարող է դառնալ քաղաքականության գործոն և ինչ որ առումով կողմնորոշիչ լինել ընտրողների համար:

Այս կապակցությամբ մի շարք հարցեր են առաջանում. Արդյո՞ք նորագույն պատմության մասին պետք է վիճեն քաղաքական գործիչները թե՞ պատմաբանները: Արդյո՞ք մեր հասարակության գիտելիքներն այդ ժամանակաշրջանի մասին բավարար են: Եթե ոչ, ապա ինչպե՞ս կարելի է լրացնել այդ գիտելիքների պակասը: Ի՞նչ պետք է անեն պատմաբանները, իսկ ի՞նչ դեր պետք է խաղան լրատվամիջոցները: Այս խնդիրների մասին զրուցում են ԵՄԱ փորձագետ Միքայել Զոլյանը և հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:

Ամանորյան ֆլամինգոների, դիզայներների, ավագանու և տեղական ժողովրդավարության մասին

Երևանցիների ամանորյա սեղանների շուրջ խոսակցություններում թերևս ամենաքննարկելի թեմաներից էր Երևանի ամանորյա զարդարանքի, կամ, ինչպես այն անվանվեց սոցիալական ցանցերում, “ֆլամինգոների” թեման:  Թերևս քննարկումները նույնիսկ ավելի թեժ էին, քան նախագահական ընտրությունների թեմայի շուրջ, առավել ևս, որ նախագահական ընտրություններում կարծես թե արդեն ամեն ինչ պարզ է, իսկ այս հարցում ամեն ինչ ոչ միանշանակ է. ոմանց դուր է գալիս ամանորյա զարդարանքը, ոմանք էլ համարում են այն անճաշակության գագաթնակետ: Ի վերջո, ո՞վ պետք է նման հարցերի շուրջ որոշում կայացնի. քաղաքապե՞տը, ավագանի՞ն, դիզայներ մասնագետնե՞րը, “հասարակ” քաղաքացինե՞րը:

Այս հարցի շուրջ զրուցում են ԵՐԵՎԱՆ ամսագրի (հայերեն տարբերակ) գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյանը և “ուրբան լաբ Երևան” քաղաքաշինության ժողովրդավարացման ինստիտուտի հիմնադիր Սարհատ Պետրոսյանը:

Սարհատը այս ամենի մեջ դրական պահ է տեսնում. քաղաքապետարանը ի վերջո հասկացավ, որ պարտադիր չե ինչ-որ դարակազմիկ նախագծեր իրականացնել (ինչպես օրինակ Հյուսիսային պողոտան), կարելի է քաղաքը ապրելու համար ավելի հաճելի տեղ դարձնել  դարձնել համեմատաբար ավելի փոքր քայլերով, ինչպես օրինակ ամանորյա զարդարանքի տեղադրումն է: Այլ հարց է արված աշխատանքի որակը. ինչպես նշում է Սարհատը, որակ ապահովելու համար պետական համակարգը ոչ թե ինքը պետք է փորձի լավ գաղափարներ արտադրել, այլ պետք է փորձի մասնագիտական միջավայրից լավ գաղափարներ գտնել և դրանք իրականություն դարձնել: Արտավազդը այս առնչությամբ բարձրացնում է ավագանու դերի մասին հարցը: Սարհատը գտնում է, որ ավագանին իր ներկա տեսքով չի կարողանում ապահովել կապը քաղաքացիների և քաղաքապետարանի միջև, քանի որ այն, ըստ էության, ոչ այնքան ընտրվում է քաղաքացիների կողմից, այլ նշանակվում՝ իշխող կուսակցության կողմից: Նա նաև որոշակի ճանապարհ է առաջարկում, որը թույլ կտա գոնե ինչ-որ չափով այդ իրավիճակը փոխել: