Ոչ միայն ֆեյսբուքիվ. ընտրությունների, սոցիալական մեդիայի, ֆեյքերի և Չակ Նորիսի մասին

Գալիք նախագահական ընտրությունն առաջինն է, որ տեղի է ունենում հասարակության «համատարած ֆեյսբուքացման» պայմաններում: Ընտրական գործընթացում սոցիալական մեդիայի դերի մասին մենք զրուցեցինք այդ ոլորտի փորձագետների՝  media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանի և լրագրող Լուսինե Գրիգորյանի հետ:

Իհարկե, սոցիալական մեդիան ընտրությունների գործընթացն ավելի բաց ու վերահսկելի դարձնելու շատ հնարավորություններ է ստեղծում: Բայց, ինչպես ասում է Գեղամ Վարդանյանը, «ոչ միայն ֆեյսբուքիվ». անցյալ տարվա ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ ֆեսյբուքում ակտիվ լինելը բավական չե ընտրություններում հաջողության հասնելու համար:

Ավելին, սոցիալական ցանցերը նաև ստեղծում են մանիպուլյացիաների և «կեղտոտ» տեխնոլոգիաների օգտագործման  նոր հնարավորություններ: Հիշենք, օրինակ, նախորդ ընտրությունների ժամանակ ակտիվացած «ֆեյքերին», որոնք եկող ընտրությունների ժամանակ կարող են վերածնունդ ապրել: Ճիշտ է, Լուսինե Գրիգորյանը չի կարծում, որ ֆեյքերը կարող են խափել հասարակությանը, իսկ Գեղամ Վարդանյանի կարծիքով, ֆեյքաբուծության միակ իրական արդյունքն, ի վերջո, այն է, որ դրա միջոցով կուսակցական երիտասարդությունը լուծում է կուսակցության ներսում “առաջ գնալու” խնդիրը:

Ցանկացած դեպքում, Լուսինե Գրիգորյանի կարծիքով, քանի որ եկող ընտրություններում թեժ պայքար չի սպասվում, չի սպասվում նաև թեժ պայքար սոցիալական ցանցներում: Եթե ինչ-որ մեկը կարող է ակտիվացնել սոցիալական ցանցերը այս պայմաններում, ապա դա քաղաքացիական հասարակությունն է: Գեղամ Վարդանյանը ևս սպասում է, որ ֆեյսբուքն ի վերջո իր խոսքը կասի. անգամ եթե դա լինի աջակցություն Չակ Նորիսին կամ “բոլորին դեմ” թեկնածուին, ֆեյսբուքի օգտատերերը իրենց խոսքը լսելի դարձնելու հնարավորություն ունեն և ցանկալի է, որ նրանք այդ հնարավորությունն օգտագործեն:

Ընտրություններ առանց այլընտրանքի. նախընտրական զարգացումների շուրջ

Այսօր ԶԼՄ-երը և սոցիալական ցանցերը քննարկում են մի լուր, որը միաժամանակ սպասելի էր և անակնկալ. Լևոն Տեր-Պետրոսյանը այս ընտրություններում չի առաջադրվելու: Ճիշտ է, քննարկումները ՀԱԿ-ի մասնակցության ձևաչափի շուրջ դեռևս շարունակվում են, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ առաջիկա ընտրություններում իշխանությունը չի ունենա այնպիսի մրցակից, որը կկարողանար համախմբել հասարակության ուժերը: Ընդդիմադիր դաշտը համախմբելու հավակնություն ունեն Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն նրանք շատ ժամանակ չունեն իրավիճակը փոխելու համար: Կարծես թե իրականություն է դառնում armenia.now կայքի այն կանխատեսումը, որ Հայաստանում սպասվում են երկրի պատմության մեջ ամենատարօրինակ ընտրությունները:

Ինչպես մեզ հետ զրույցում նշում է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այն քաղաքական ուժերը, որոնք կառուցվում են մեկ անհատի շուրջ, ի վերջո, քայքայման վտանգի առջև են հայտնվում: Ընդհակառակը, այն շարժումները, որոնք չունեն հստակ արտահայտված առաջնորդ և կառուցվում են ցանցային սկզբունքով, հաճախ հասնում են իրենց ուզած արդյունքին: Գուցե դա նշանակում է, որ այսօր մեր հասարակությունը պետք է դադարի հույս դնել քաղաքական առաջնորդների վրա, և ինքը ձեռնամուխ լինի իր առջև կանգնած խնդիրների լուծմանը: Մեր վիդեո-բլոգի նախորդ թողարկման մեջ Բորիս Նավասարդյանը առաջարկել էր, որ քաղաքացիական հասարակությունը ունենա իր ներկայացուցիչներին նախընտրական պայքարում, որոնք թեկնածուի կարգավիճակը կօգտագործեն երկրի առջև կանգնած խնդիրները բարձրաձայնելու և համապատասխան օրակարգ ձևավորելու համար: Ինչ-որ չափով այդ միտքը կիսում է նաև Արմեն Գրիգորյանը, թեև նա կարծում է, որ ժամանակը քիչ է, և այսօր պետք է կառուցել ավելի հեռահար ծրագրեր:

Ցանկացած դեպքում, երբ առաջնորդները հեռանում են, դա կարող է նշանակել, որ կամ գալիս են նոր առաջնորդներ, կամ էլ առաջնորդների ժամանակներն ընդհանրապես անցել են: Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, “արաբական գարունից” մինչև “գրավիր Ուոլ Սթրիթը”, այսօրվա աշխարհում փոփոխություններ կատարում են ոչ թե առաջնորդները, այլ քաղաքացիները և նրանց ստեղծած ցանցերը:

Բորիս Նավասարդյանը ընտրությունների և լրատվամիջոցների մասին

Բարի գալուստ <<Այլ կարծիք>>՝ Երևանի մամուլի ակումբի վիդեո-բլոգ:

Սա մի այլընտրանքային հարթակ է, որտեղ իրենց կարծիքը կներկայացնեն մարդիկ, ովքեր հետաքրքիր ասելիք ունեն երկրում տեղի ունեցեղ զարգացումների և հասարակության առջև կանգնած մարտահրավերների մասին:

Այսօր <<Այլ կարծիքների>> շարքը բացում են ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը և փորձագետ Հայկակ Արշամյանը, ովքեր խոսում են երկրում նախընտրական իրավիճակի, ընտրությունների համատեքստում քննարկվող թեմաների և այդ ամենում լրատվամիջոցների դերի մասին:

Այս բլոգի մասին / About this blog

Այս բլոգը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ`ԱՄՆՄիջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: Բլոգի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 This  blog is made possible by the support of the American people through the United States Agency for International Development (USAID). The contents are the sole responsibility of the (name of organization) and do not necessarily reflect the views of USAID or the United States Government.

logos_YPC_Internews_USAID_new