Արդյոք Ամալ Քլունին կկարողանա օգնել Հադիջա Իսմայլովային. Լաուրա Բաղդասարյան

Վերջին ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված բավականին կարևոր զարգացումներ տեղի ունեցան` տնտեսական անկում և տարադրամի արժեզրկում, հակակառավարական ցույցեր, ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ բանաձևեր անցկացնելու` մասամբ հաջողված փորձեր: Այս ամենի ֆոնին համեմատաբար ավելի քիչ ուշադրության արժանացավ ևս մեկ կարևոր զարգացում. ակնհայտորեն կեղծ մեղադրանքներով ձերբակալված “Ազատություն” ռադիոկայանի լրագրող Հադիջա Իսմայլովայի գործը, որը շուտով քննելու է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը: Այս գործում նկատվեց անսպասելի շրջադարձ, երբ Իսմայլովայի պաշտպանությամբ զբաղվելու պատրաստակամություն հայտնեց հայտնի իրավապաշտպան և փաստաբան,  Ամալ Քլունին, որը ոչ վաղ անցյալում նաև ներկայացնում էր Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում: Հակառակ սպասումներին, Իսմայլովան համաձայնվեց Քլունիի հետ համագործակցել` չնայած Ադրբեջանում հնչող այն մեղադրանքներին, թե դրանով իսկ նա իբր համաձայնվել է համագործակցել հայկական սփյուռքի հետ:

Այս գործի հանգամանքների և այն մասին, թե ինչ կարևոր հետևանքներ կարող է այն ունենալ, զրուցել ենք “Ռեգիոն” հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ:

Ռուս-թուրքական հարաբերությունները և Հայաստանը. Տիգրան Զաքարյան

Լարվածությունը ռուս-թուրքական հարաբերություններում, որն առաջացել էր ռուսական ինքնաթիռի խոցման հետևանքով, պահպանվում է: Ռուս-թուրքական այս բախման համատեքստում Ռուսաստանում սկսեցին արծարծվել Հայաստանին առնչվող որոշակի խնդիրներ. մասնավորապես, հնչեցին առաջարկներ` քրեականացնել Հայոց ցեղասպանության մերժումը և Մոսկվայի պայմանագիրը չեղյալ հայտարարել: Ինչպե՞ս կարող է այս ամենն ազդել Հայաստանի վրա և ինչպե՞ս պետք է վարվենք մենք այս իրավիճակում: Այդ խնդիրների շուրջ զրուցել ենք պատմաբան Տիգրան Զաքարյանի հետ:

Արդյո՞ք հնարավոր է շարունակել հայ-ադրբեջանական երկխոսությունը քաղաքացիական հասարակության մակարդակով. Իզաբելլա Սարգսյան

Թեև Ղարաբաղյան հակամարտությունը սովորաբար համարում են “սառեցված”, ցավոք, ավելի և ավելի հաճախ են դառնում լուրերը սահմանային միջադեպերի, փոխհրաձգությունների, նոր զոհերի մասին: Դրան զուգահեռ Ադրբեջանում վերջին տարիներին նկատվում է ևս մի անհանգստացնող միտում. հետապնդումների են ենթարկվում քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները, որոնք մասնակցել են համատեղ ծրագրերի հայաստանյան և ղարաբաղյան գործընկերների հետ: Արդյո՞ք այս պայմաններում հնարավոր է շարունակել հայ-ադրբեջանական երկխոսությունը քաղաքացիական հասարակության մակարդակով: Այդ մասին զրուցել ենք Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի համակարգող Իզաբելլա Սարգսյանի հետ:

Ի՞նչ սպասել հասարակական կազմակերպությունների մասին նոր օրենքից. Հերիքնազ Տիգրանյան

Դեկտեմբերի սկզբին Ազգային Ժողով մտավ Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագիծը: Ինչո՞վ է նոր օրենքի նախագիծը տարբերվում գործող օրենքից:  Արդյո՞ք Հայաստանը կհետևի Եվրասիական Միության անդամ որոշ երկրների օրինակին, որտեղ ՀԿ-երի գործունեությունը ենթարկվում է սահմանափակումների, թե՞, ընդհակառակը, նոր օրենքն ավելի  կազատականացնի ՀԿ-երի դաշտը: Օրենքի նախագծի մասին զրուցել ենք Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակորուպցիոն կենտրոնի ՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի հետ:

Ինչպես են ընտրությունների դիտարկման եվրոպացի մասնագետներն աջակցում հայաստանցի դիտորդներին. Ծովինար Նազարյան

Դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի կապակցությամբ Հայաստանում են գտնվում եվրոպական Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմ (EPDE) կազմակերպության ներկայացուցիչները, որոնք աջակցելու են հայաստանցի դիտորդներին, մասնավորապես` Քաղաքացի դիտորդ նախաձեռնությանը: Այն մասին, թե ինչպես եվրոպական քաղաքացիական հասարակության ներկայցուցիչները կարող են աջակցել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը հանրաքվեի դիտարկման գործում, զրուցել ենք Հայաստան այցելած EPDE առաքելության աշխատանքների համակարգող Ծովինար Նազարյանի հետ:

Ի՞նչ է նշանակում Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայումը. Ստեփան Գրիգորյան

Օրերս Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է պարզաբանումներ Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման վերաբերյալ: ԵՀՔ-ը, որպես ԵՄ քաղաքականության գործիք, գոյություն ունի ավելի քան տաս տարի: Այս ընթացքում՝ ծրագրում ընդգրկված երկրներում տեղի են ունեցել կարևոր, որոշ դեպքերում բավականին դրամատիկ գործընթացներ, և հարկ էր ԵՀՔ-ը  համապատասխանեցնել փոփոխվող իրավիճակին: Ճիշտ է, ծրագրի հիմնական նպատակները և նախապատվությունները մնացել են նույնը, սակայն մտցվել են որոշակի փոփոխություններ` մասնավորապես անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, միգրացիայի ոլորտներում:  ԵՀՔ վերանայված տարբերակի մասին զրուցել ենք Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ:

ԱլԳ ՔՖՀ հայտարարությունը ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ. Հերիքնազ Հարությունյան

Անցյալ շաբաթ Կիևում կայացած Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան համաժողովում քննարկման առարկա է դարձել Հայաստանում սահմանադրական բարեփոխման գործընթացը: ՔՖՀ-ն ընդունել է հայտարարություն, որով արտահայտում է իր մտահոգությունն առ այն, որ ինչպես բարեփոխման գործընթացը, այնպես էլ առաջարկվող նախագիծը չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին (ամբողջական տեքստը տե’ս ստորև): ՔՀՖ-ում տեղի ունեցած քննարկումների և հայտարարության մասին զրուցել ենք ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանի հետ:

ԱլԳ ՔՀՖ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության փոփոխությունների գործընթացի վերաբերյալ
.
Մենք՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի՝ Կիեւում ընթացող 7-րդ տարեկան համաժողովի մասնակիցներս, կիսելով ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի մեր գործընկերների մտահոգությունը, հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող Սահմանադրության փոփոխությունների գործընթացը բազմաթիվ բաղադրիչներով չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին:
Մեզ մտահոգում է, որ Սահմանադրության նախագծի մշակման եւ դրա վերաբերյալ հանրաքվեի անցկացման քարոզչության գործընթացը՝ ներառյալ իրազեկման համար հավասար հնարավորությունների ապահովման եւ ընտրացուցակների կազմման աշխատանքները, իրականացվում են ակնհայտ խախտումներով եւ արդեն իսկ անվստահություն են ձեւավորում Սահմանդրության հանրաքվեի վերջնական արդյունքների նկատմամբ:
Հիշեցնում ենք, որ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը մինչ այդ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը եւ դրա վերաբերյալ հանրաքվեի անցկացումը ժամանակավրեպ են եւ բխում են ոչ թե հասարակության եւ պետության շահերից, այլ բացառապես՝ առկա քաղաքական կոնյունկտուրայից:
Մենք անընդունելի ենք համարում իշխող կուսակցության կողմից հանրային ռեսուրսները միակողմանի քարոզչության եւ իշխանության վերարտադրման շահերին ծառայեցնելու պրակտիկան:
Մենք ահազանգում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծում պատշաճ կերպով սահմանված չեն մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին, տեղական ինքնակառավարմանը, շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնմանը, բնական պաշարների ողջամիտ օգտագործմանը եւ այլ ոլորտային խնդիրներին վերաբերող բազմաթիվ դրույթներ:
Ահազանգում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների առկա գործընթացը չի նպաստում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ որոշումների կայացման մասնակցության իրավունքի իրացմանը եւ դա պետք է արժանանա բոլոր այն միջազգային կառույցների ուշադրությանը, որոնք ունեն մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության տարածման առաքելություն:
ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորում
20 նոյեմբերի, 2015թ.
Կիեւ